«Գրանցվել է մի նոր հաղթանակ Արցախի պատմության մեջ»
Մայիսի 9-ին, Հայաստանի առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Լեռնային Արցախը» 4։1 հաշվով հաղթելով «Գանձասարին» ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի կոչումը։ Այս պահին «Արցախի» թիմն ունի 69 միավոր և 9 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող Գյումրիի «Շիրակին»։ «Ի սրտե շնորհավորում եմ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ։ Մայիսի 9-ը մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է։ Տոն, որը խորհրդանշում է հաղթանակ, հայրենասիրություն, ազնվություն, մարդասիրություն։ Տոն, որը կապում է անցյալը ներկային և ուղենիշ է ապագայի համար։Հաղթանակները հիրավի վաղեմության ժամկետ չունեն։Հիշենք և մեծարենք այդ հաղթանակները կերտողներին՝ ազգի նվիրյալներին։ Այսօր այս հիշարժան օրը գրանցվել է նաև մի նոր հաղթանակ Արցախի պատմությունում, Լեռնային Արցախը հռչակվել է Առաջին խմբի չեմպիոն: Դա մեր բոլորիս հաղթանակն է»,- հաղթական խաղից հետո ասել է «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչ Արտաշես Ադամյանը: Արցախցի երկրպագուները լիահույս են, որ իրենց սիրելի թիմը գալիք մրցաշրջանում ելույթ կունենա Հայաստանի բարձրագույն դիվիզիոնում՝ VBET Պրեմիեր լիգայում, բայց․․․։
Ապրիլի 1-ին կայացած ՀՖՖ ակումբների արտոնագրման նիստում մերժվել էր «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 17-ի պահանջները, ըստ որի արտոնագրման թեկնածուն պետք է իր կամ դուստր ընկերության կազմում առնվազն ունենա 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցում են ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնությունններին։ «Մենք չենք բողոքարկել ՀՖՖ որոշումը, քանի որ մենք, ճիշտ է, չենք բավարարել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի 17-րդ հոդվածը, սակայն նամակ-առաջարկ ենք ուղարկել ՀՖՖ արտոնագրման բաժին և խնդրել ենք մեզ ընդառաջել։Բանն այն է, որ մեզ համար բարդ էր հետպատերազմյան շրջանում հավաքագրել 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք պետք է պարտադիր մասնակցեին նաև ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնություններին, սակայն նամակ-առաջարկում նշել ենք, որ թեպետ այս պահին մեր միայն 3 մանկապատանեկան թիմեր են մասնակցում ՀՀ մանակապաատանեկան առաջնություններին, սակայն այժմ ունենք 8 և ավելի մանակապատանեկան թիմեր, որոնք հաջորդ առաջնությանը անպայման կմասնակցեն։
Պետք է նշեմ, որ օրինակ Առաջին խմբում հանդես եկող թիմերի համար պարտադիր չէ ունենալ կանանց թիմ, բայց մենք ունենք կանանց 1-ին խմբի առաջնությանը մասնակցող թիմ։ Հուսով ենք, որ ՀՖՖ-ն հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները մեզ կընդառաջի և կշնորհի Ազգային արտոնագիր։ Անկախ ամեն ինչից մենք շարունակելու ենք պայքարել Առաջին խմբի առաջնության չեմպիոնության համար», Football365.am-ին տված հարցազրույցում ասել էր «Լեռնային Արցախի» նախագահ Մհեր Ավանեսյանը։ Նշենք, որ Արցախը ներկայացնող ակումբը գրանցված է Գորիսում, իսկ տնային հանդպումներն տեղի են ունենում Սիսիանում։ Մարզումները սակայն «Լեռնային Արցախն» անց է կացնում Ստեփանակերտում։ Դե ֆակտո «Լեռնային Արցախը» ներկայացնում է Ստեփանակերտը։ Հայտնի պատճառներով սակայն «Լեռնային Արցախը» չի կարող պաշտոնական հանդիպումներ անցյկացնել տանը՝ Արցախի մայրաքաղաքում։ Կընդառաջի՞ արդյոք ՀՖՖ-ն Արցախը ներկայացնող թիմին։ Նշենք, որ ՀՖՖ-ի արտոնագրման բաժինը ազգային արտոնագիր էր տրամադրել Գյումրիի «Շիրակին»։
Հավանական է, որ Գյումրին ներկայացնող տիտղոսակիր թիմը հաջորդ մրցաշրջանում վերադառնա բարձրագույն լիգա։ Ցանկալի կլիներ, որ բարձագույն խմբում տեսնեինք նաև Արցախը ներկայացնող թիմին։
1in.am