Ուրուգվայի ԱԳ նախարարը Չավուշօղլուի սկանդալային ժեստի հարցը փակված է համարվում
Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիլլոն ընդդիմության կողմից հրավիրվել է խորհրդարան՝ Միջազգային գործերի հանձնաժողովի նիստին բացատրություններ տալու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ հայերին ուղղված «գորշ գայլերի» ժեստի և Ուրուգվայում Թուրքիայի դեսպանի պարզաբանումների վերաբերյալ: Հայտնում է Azatutyun.am-ը։
Նիստից հետո ասուլիսի ժամանակ Բուստիլլոն ասաց, որ հարցը փակված է համարվում. - «Այդ անսպասելի ժեստից հետո մենք անմիջապես կանչեցինք Թուրքիայի դեսպանի նախարարություն, և այդ մեր քայլը դիվանագիտական կանոններով ինքնին բողոք և դժգոհություն է պարունակում»:
Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ուրուգվայը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և ունի պետական քաղաքականություն այս առնչությամբ՝ կիսելով հայերի ցավը, ուստի այդ մեծ ցավի համար որևէ բացատրություն չկա:
Ընդդիմադիր «Լայն ճակատ» կուսակցության անդամ սենատոր Լիլիամ Քեշիշյանը թեև կարևորեց գործադիրի արագ պատասխանը, բայց միաժամանակ նշեց՝ նախընտրելի կլիներ, որ Արտգործնախարարությունը հատուկ ու հզոր հայտարարությամբ անդրադառնար Թուրքիայի դեսպանի պարզաբանումներին և միջադեպին: Ըստ նրա՝ զարմանալիորեն, դեսպանն ասել է, թե ժեստը կապ ունի «թուրքական հպարտության» հետ, ոչ «գորշ գայլերի»:
Tert.am