Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ հատկացրեց ՏԿԵ-ին՝ 2022 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև մի շարք ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և դրանց փորձաքննության ծառայությունների համար:

«Նախագծով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ պետական բյուջեով նախատեսված՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման միջոցառման շրջանակներում 2022 թվականին իրականացվող՝ ներկայացված հավելվածի և մի շարք շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Ընդհանուր առմամբ նախատեսվում է վերաբաշխման միջոցով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 4 միլիարդ 750 միլիոն դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 4 միլիարդ 536 միլիոն դրամ, նախագծման աշխատանքների համար՝ 76 միլիոն դրամ, փորձաքննական ծառայությունների համար՝ 16 միլիոն դրամ, և տեխնիկական հսկողության համար՝ 86 միլիոն դրամ, հեղինակային հսկողության համար՝ 30 միլիոն դրամ»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց մի շարք խոշոր օբյեկտներ, որոնք գտնվում են ավարտական փուլում:

«Խոսքը Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17.7 կմ հատվածի հիմնանորոգման, Մ2 ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ 16.9 կմ հատվածի հիմնանորոգման մասին է:

Վերջին տարիներին մենք ճանապարհների որակի առումով էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհն այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ: Վերջին անգամ, որ եղել եմ այդ ճանապարհին, արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգմամբ էականորեն որակական փոփոխություն կունենանք:

Հաջորդը վերաբերում է Սյունիքի մարզի Վարդավանք-Խդրանց ավտոճանապարհի 13.1 կմ հատվածի հիմնանորոգմանը»,- ասաց Փաշինյանը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն