Պարենի և էներգակիրների գների բարձրացում է կանխատեսվում․ ԿԲ նախագահի տեղակալ
Նախորդ տարվա՝ 2021 թվականի, դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում գնաճը կազմել է 7,4 տոկոս, արձանագրվել է 7,2 տոկոս միջին գնաճ։ Իսկ արտաքին տարբեր միջավայրից եկող գնաճային ռիսկերը զսպելու նպատակով տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացել է 4,25 մինչև 7,75 տոկոս։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականի համար ԿԲ-ն նախատեսում էր 1,5 տոկոս տնտեսական աճ։ Պաշտոնյանն նկատեց, որ հաշվի առնելով արտաքին գործոններն, տնտեսական աճի ցուցանիշները փոփոխվել են՝ ավելացել են գնաճային նշումները, արդյունքում ունեցանք 5,7 տոկոս տնտեսական աճ և 7, 4 տոկոս գնաճ։
ԿԲ նախագահի տեղակալի պնդմամբ՝ վարել է զսպող և խթանող դրամավարկային քաղաքականություն։
Իսկ այս տարվա գնաճային կանխատեսումների մասին Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ կանխատեսել են 6,5 տոկոս աճի մակարդակ և 1, 5 տոկոս տնտեսական աճ։
«Հիմնական պատճառը, որը և´ գնաճային է, և´ ինչ-որ չափով տնտեսական աճին նպաստող է, արտաքին միջավայրն է: Մենք ունենք արտաքին պահանջարկի էական աճ: Միջազգային այցելուները ստեղծել են և´ պահանջարկ, և´ գնաճային ճնշումներ են ավելացրել: Գնաճային ճնշումներ են ավելացել նաև անորոշությունների աճի պայմաններում՝ ռիսկի պրեմիաների էական կտրուկ աճի և միջազգային գների աճի պատճառով, որոնք տեղի ունեցան միջազգային արժեշղթաների կտրուկ խաթարման պատճառով»,- մատնանշեց Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ ԿԲ կանխատեսումը հիմնված է համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների վրա, որտեղ ևս առաջիկայում թանկացումներ են կանխատեսվում:
«Ինչ վերաբերում է միջազգային գներին պետք է նշել, որ պարենի գները բարձր մակարդակի վրա են լինելու, էներգակիրներինը՝ ևս։ Կենտրոնական բանկի կանխատեսման սցենարում գնաճը պայմանավորված էր աշխարհաքաղաքական լարվածությամբ»,- ներկայացրեց ԿԲ փոխնախագահը։
Հովհաննես Խաչատրյանը խոսեց նաև միջազգային առևտրից և ՌԴ-ից մեր տնտեսության ազդեցության մասին։
Պաշտոնյանի տեղեկացմամբ՝ մենք ունենք 2,5 մլրդ դոլարի միջազգային առևտուր ՌԴ-ի հետ, որի շուրջ 800 մլն դոլարը կազմում է ՀՀ-ից արտահանումները։