Սյունիքում ադրբեջանական զորքերի հիմնական խնդիրը ռազմական գործողություններ հրահրելն էր եւ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, դեպի Նախիջեւան միջանցքի գրավումը, որն անցնում է այս շրջանով: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ինչպես նշեց Փաշինյանը, հենց այս պատճառով Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններին քննադատում են, եւ շատերը սխալ են համարում ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը: Սակայն, ըստ վարչապետի պաշտոնակատարի,, պետք է ընդգծել, որ հենց ՀԱՊԿ գործընկերները Հայաստանին հորդորեցին չդիմել խնդրի լուծման ուժային մեթոդի:

«Հայաստանը ՀԱՊԿ-ում հանդես է գալիս ոչ որպես հայցվոր: Սա պարզապես գործիք է, որը կազմակերպության անդամ երկրները ստեղծել են նման իրավիճակներում օգտագործելու համար»,- պարզաբանեց Փաշինյանը:

Նա համոզված է, որ Ադրբեջանի կողմից սպառնալիքը պահպանվում է: Փաշինյանը չի կարծում, որ Բաքվի ձգտումները չեզոքացված են:

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ ՀԱՊԿ-ը դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել ադրբեջանական ուժերը իրենց ելման դիրքեր հեռացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Աշխատանքային քննարկումների ընթացքում այդ մասին խոսվում է, սակայն նրանք հրապարակավ չեն հայտնում իրենց դիրքորոշումը: Երբ խոսքը վերաբերում է Սյունիքին, նրանք մշտապես ասում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի այս հատվածում սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց չի իրականացվում: Բայց ուզում եմ նշել, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց չի իրականացվում նաեւ ռուս-ադրբեջանական սահմանին: Եւ ի՞նչ է սա նշանակում»,- ասաց Փաշինյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն