Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներն իրենց հանգստյան օրը նվիրեցին արմավիրցիներին: Մասնագետների խումբը մեկ օրով տեղափոխվել էր մարզ և տեղում, անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ ու նեղ-մասնագիտական խորհրդատվություններ անցկացրել: Մայրաքաղաքից եկած բժիշկների մոտ ստուգվելու համար հերթագրվել էր ավելի քան 120 պացիենտ:

Քնարիկ Սարգսյան (Դալարիկ գյուղի բնակիչ) - Ինձ նեղ մասնագետներ էին պետք, ԿՏ-ի, դուպլեքսի պատասխաններ ունեի, բայց նեղ մասնագետների պահով եկել եմ:

Աիդա Գևորգյան (Արմավիր քաղաքի բնակիչ) - Շատ ուրախ ենք, որ մարզերով հետաքրքրվում են, ի վիճակի չենք ամեն օր Երևան գնալ անալիզ տալու համար:

Կենտրոնի մասնագետները վահանաձև գեղձի, կրծքագեղձի, որովայնի օրգանների և փոքր կոնքի սոնոգրաֆիկ հետազոտություններ ու մասնագիտական կոնսուլտացիաներ արեցին: Ինչպես և սպասվում էր՝ առողջական խնդիրները գլխավորում էր վահանաձև գեղձի հիվանդությունը:

Նունե Ազիզյան (ՈՒԱԿ ախտորոշիչ ծառայության ղեկավարի տեղակալ) - Կարելի է ասել, որ հիվանդների 60 տոկոսի մոտ հայտնաբերել ենք վահանաձև գեղձի տարբեր խնդիրներ, բարորակ, չարորակ գոյացություններ, կիծքագեղձի, արգանդի, ձվարանի նորագոյացություններ:

Չարորակ, նույնիսկ բարորակ նորագոյացության մասին լսելով՝ հիվանդները շատ հաճախ խուճապի են մատնվում: Խոսքը վերաբերում է հատկապես վահանաձև գեղձի խնդիր ունեցողներին: Մասնագետները խորհուրդ տվեցին խուճապի չմատնվել, որովհետև հիվանդությունը բուժվող է:

Նաիրա Ջանոյան (ՈՒԱԿ-ի քիմիաթերապևետիկ ծառայության ղեկավար) - Այս գեղձի ուռուցքները վիրահատվում են, և մարդիկ կարող են առողջանալ, կարող է նույնիսկ չկրկնվել: Լավ է ժամանակին հայտնաբերել, վիրահատվել: Երբեմն կարիք է լինում ռադիոիզոտոպային թերապիայի, որը ՈՒԱԿ-ում գործում է:

Նարեկ Մանուկյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն) - Եթե ուռուցքային հիվանդություններ կլինեն, հետագա բուժումը կարվի մեզ մոտ, իսկ այլ պաթոլոգիաներ հայտնաբերելու դեպքում հետագա բուժումը կանեն տեղի մասնագետները:

Մոտ 20 հիվանդի էլ կիծքավանդակի անվճար համակարգչային շերտագրում կիրականացնեն ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Կընտրվեն խիստ անհրաժեշտություն ունեցողները: Իսկ մարզպետարանը, սոցիալական կարիքների համար նախատեսված միջոցներից, օժանդակություն կտրամադրի մայրաքաղաքում բուժվող հիվանդների ծախսերը փոքր-ինչ մեղմելու համար: Բժշկական այլ կենտրոնների մասնագետներ ևս կայցելեն մարզ:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Պարբերաբար է լինելու և ոչ միայն այս կենտրոնի հետ, այլև մյուս բուժհաստատութունների հետ: Արդեն կապեր ենք հաստստել: Գործընկերային հարաբերություններում աշխատելու ենք պաբերաբար՝ ծառայությունների տարբեր ուղղություններով մասնագետներ ներգրավենք, որ առաջնային փուլում ախտորոշվեն առկա հիվանդությունները, որովհետև առաջին փուլում դրանց բուժումն անհամեմատ մեծ է:

Առողջապահական այլ հաստատությունների հետ գործակցության աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն