Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են մեծացնել բեռնափոխադրումների տարանցումը
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ավելացնել բեռների տարանցումը երկու երկրների տարածքով՝ տրանսպորտային միջանցքի ակտիվացման շրջանակներում, որը՝ շրջանցելով Ադրբեջանը, հայկական տարածքով կանցնի Եվրոպա, հաղորդում է Press TV-ն։
Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ռոստամ Քասեմին երկուշաբթի օրը հայտարարել է, որ «լավ պայմանավորվածություններ» է ձեռք բերել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ նույն օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։
Նա ասել է, որ համաձայնագրերը կհանգեցնեն երկու երկրների միջև տարանցիկ փոխգործակցության ընդլայնման՝ հավելելով, որ Հայաստանը համաձայնել է թուլացնել իրանական բեռնատարների քանակի սահմանափակումները երկրի տարածքով:
«Հայաստանի հետ ճանապարհային տրանզիտը (ծավալը) նշանակալի չէ, բայց մենք հույս ունենք, որ այն կավելացնենք այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա», — հանդիպումից հետո լրագրողներին ասել է Քասեմին։
Սանոսյանը երկուշաբթի Քասեմիի հետ հանդիպումից հետո իրանցի լրագրողներին ասել էր, որ Հայաստանը նախատեսում է հեշտացնել իրանական բեռնատարների տեղաշարժը երկրի ճանապարհներով։
Նա խոստացել է, որ իրանցի վարորդներն ավելի կարճ և անվտանգ ճանապարհորդություն կունենան հայկական նոր տարանցիկ ճանապարհով, որը, ըստ նրա, պատրաստ կլինի մոտ ապագայում։