Ուկրաինայի ԶՈւ ԳՇ վերջին տեղեկությունները․ ռազմական գործողությունների 84-րդ օրն է
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել ինչպես շփման գծում, այպես էլ ուկրաինական զորքերի պաշտպանության խորքերում` Դոնեցկում և Սլովյանսկի ուղղությամբ։ Այս մասին առավոտյան տեղեկագրում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ հավելելով, որ ռուսական ուժերը շարունակում են հրթիռային հարվածներ հասցնել թիրախներին Ուկրաինայի ողջ տարածքում։ Մարտերը շարունակվում են նաև Լիմանի, Սևեռոդոնեցկի, Բախմուտի, Ավդեևկայի և Կուրախովի ուղղություններում։
Իսկ Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերը փորձում են պահպանել իրենց դիրքերը և խոչընդոտել ուկրաինական զորքերի հետագա առաջխաղացմանը։
Ըստ գերատեսչության՝ Մարիուպոլի շրջանում ռուսական ուժերը շարունակում են շրջափակված պահել «Ազովստալ» գործարանում գտնվող ստորաբաժանումները։
Թե քանի մարդ է դեռ մնում «Ազովստալի» տարածում, հստակ չէ։ Հիշեցնենք՝ ավելի քան 260 զինվորական հանձնվել է և տեղափոխվել ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Ռուսական կողմից էլ հայտնում են, որ ուկրաինական ուժերը վերջին մեկ օրում երեք անգամ ծանր հրետանիով գնդակոծել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Պերվոմայսկ բնակավայրը։ Իսկ Բելգորոդի մարզում ուկրաինական ուժերի գնդակոծությունից 1 մարդ վիրավորվել է։ Վնասվել է Բեզիմենո գյուղի հոսանքագիծը։