ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Մոլդովա սպառազինության մատակարարումների հնարավորությունը
Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի այլ երկրներ քննարկում են Մոլդովա սպառազինության մատակարարումների հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը Telegraph-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ դա ուղղված է երկրի պաշտպանությանը «ընդդեմ ռուսական ներխուժման սպառնալիքի»:
«Եթե պլանն ընդունվի, ՆԱՏՕ-ի անդամները Մոլդովային կմատակարարեն ժամանակակից սպառազինություն՝ փոխարինելով նրանց խորհրդային ժամանակների տեխնիկան, և կսովորեցնեն զինվորականներին, թե ինչպես դա գործածել»,-ասել է նա:
Այս շաբաթ Մոլդովայի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Մշտական չեզոքության կարգավիճակի վերաբերյալ» նախագծին, որն առաջ էր քաշել Կոմունիստների և սոցիալիստների ընդդիմադիր բլոկը: Նշվել է, որ դա հակասում է ազգային շահերին:
Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունն ունի չեզոք կարգավիճակ, սակայն 1994 թվականից երկիրը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության անհատական պլանի շրջանակներում: