ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ուկրաինական հացահատիկի պատճառով Սև ծովում իրավիճակի սրման մասին
ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Ուկրաինայից հացահատիկով բեռնված նավերին ուղեկցող կոալիցիայի ստեղծումը։ Արևմտյան կոալիցիայի ստեղծումը, որը կզբաղվի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցով, լրջորեն կսրի իրավիճակը սևծովյան տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է РИА Новости-ն։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ խոստացել էր, որ Ռուսաստանը չի միջամտի Լեհաստանով ուկրաինական հացահատիկի արտահանմանը։ Վարշավան կոչ է արել Եվրամիությանն աջակցել Կիևին՝ մատակարարումների հարցում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը պաշտպանել է գաղափարը, սակայն, ըստ բրիտանական հրապարակումների, նման միջոցառումների իրականացումը, ի թիվս այլ բաների, պահանջում է ԱՄՆ-ի աջակցությունը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն առաջացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ պարենային ճգնաժամը։