ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դաշինքի անդամ երկրներին հորդորել է պատրաստվել այն բանին, որ Ուկրաինային հարկավոր կլինի օգնել դեռ երկար ժամանակ։ Газета պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իսպանական La Vanguardia թերթին տված հարցազրույցում։ Ստոլտենբերգի խոսքով՝ այժմ ՆԱՏՕ-ի գերխնդիրն Ուկրաինային օգնելն է։

«Պատերազմներն անկանխատեսելի են, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես և երբ կավարտվի այս մեկը, բայց մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարում պահպանել մեր աջակցությունը», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ խոսքն ինչպես Կիևին զենք մատակարարելու, այնպես էլ մատակարարվող զենքն աշխատանքային վիճակում պահպանելու մասին է։

Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս դերը էսկալացիայի կանխումն է, ընդգծել է Ստոլտենբերգը։

«Եթե սա վերածվի <…> պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, դա շատ ավելի մեծ ավերածություններ և վնաս կբերի ամբողջ Եվրոպային: Ուստի մենք պարտավոր ենք գործել այնպես, որ չնպաստենք և չհանգեցնենք էսկալացիայի», – ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Կիևին, բայց չի մասնակցում պատերազմին։

Նա մանրամասնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր ՆԱՏՕ-ի արևելքում զորքերի թիվը հասցվել է մինչև 40 հազարի՝ զգալի ռազմածովային և ռազմաօդային ուժերի աջակցությամբ։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում վստահություն էր հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջ, միևնույն ժամանակ Դաշինքը օգնություն կտրամադրի Կիևին։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն