Հերթական փլուզումը Երևանում: Այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում: Մայթեզրը մոտ 2 մետր փլուզվել է, ինչի պատճառով ճանապարհի այդ հատվածը միակողմանի փակ է:

Հրանտ Ճաղարյան (ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ) - Գոգոլի 24/9 հասցեի հարևանությամբ կա շինհրապարակ, բայց, բարեբախտաբար, էդ դեպքով պայմանավորված՝ տուժածներ, վիրավորներ կամ զոհեր՝ առավել ևս, չկան: Բնականաբար, կարձագանքեն համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները և որևիցէ խախտման դեպքում, կարծում եմ, հավանաբար, իրենց եզրակացությունը կտան, և օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի: 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարևանությամբ գտնվող շինհրապարակում, որտեղ հասարակական նշանակության եռահարկ շենք է կառուցվում, սկսել են ուսումնասիրել շինարարության քաղաքաշինական փաստաթղթերը: Երևանում սա մայիսին փլուզման երրորդ դեպքն է: Օրեր առաջ ավելի խոշոր փլուզումներ էին եղել նաև Ծիծեռնակաբերդի խճուղում և Այգեձոր թաղամասում:

Հրանտ Ճաղարյան - Պայմանավորված հորդառատ անձրևներով՝ ճանապարհների փլուզումներ կամ փլվածքներ՝ որպես այդպիսին, այդքան էլ հնարավոր չէ: Այստեղ կարող է լինել տեխնիկական գործոնով պայմանավորված:

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂՈՒ ՓԼՈՒԶՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Ծիծեռնակաբերդի խճուղին արդեն 6-րդ օրն է՝ շարունակում է երկկողմանի փակ մնալ: Մոտ 20 մետր փլված հենապատն այս պահին վերականգնում են, արգելապատնեշներ տեղադրում: Շինարարները երկու հերթափոխով են աշխատում: Շինաշխատանքներն ամբողջությամբ հարևանությամբ բազմահարկեր կառուցող «Սահակյանշին» ընկերությունն է իրականացնում:

Սուրեն Սահակյան («Սահակյանշին» ընկերության նախագահ) - Քանի որ մենք կառուցապատում ենք այս տարածքից եղած հատվածը, և մենք շահագրգռված ենք, որ էս ամենը շուտ ավարտվի, մենք նամակով դիմեցինք Երևանի քաղաքապետին, որ ընկերությունը պատրաստ է իր միջոցներով իրականացնել այս ճանապարհահատվածի շինարարությունը: Ինչ է ներառում իր մեջ. էդ անկայուն շերտը հեռացվի, նոր կայուն շերտ ստեղծվի, որի վրա կդրվի ասֆալտաբետոնի պաստառը, ու ճանապարհը կդառնա երթևեկելի: 

Կառուցապատողը վստահեցնում է՝ վերանորոգումից հետո ճանապարհը կունենա երեք երթևեկելի հատված: Անդրադառնալով փլուզման պատճառներին՝ Սուրեն Սահակյանը նշեց՝ դեռ ամիսներ առաջ տեղանքն ուսումնասիրելու համար դիմել են սեյսմիկ պաշտպանության ծառայություն, պահանջել ուսումնասիրել խնդիրը: Նաև փլուզումը կանխելու համար 250 մետր երկարությամբ հենապատ են կառուցել, բայց պատահարից խուսափել չի հաջողվել:

Սուրեն Սահակյան - Մենք ամեն ինչ հաշվի առել էինք, բացի էն, որ էս ճանապարհը կարող էր անորակ կառուցված լինել, և որ կարող է հեղեղատարն ունենար նման բացթողող հատվածներ: Եթե դուք հիմա նայեք, մենք փոխել ենք էդ հատվածը, նոր հեղեղատար ենք կառուցել: 

Երևանի քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով հետևում է, որ կառուցապատողը շինարարությունն օր առաջ ավարտի, և բացեն ճանապարհը: Քաղաքային իշխանությունը կառուցապատողի առջև խնդիր է դրել՝ ներգրավել բոլոր ռեսուրսները: Կառուցակարգային հաշվարկները ճշտելու և ճանապարհի շահագործումը հետագայում անվտանգ դարձնելու համար հրավիրել են նաև մասնագետների:

Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Այս պահին ընթանում են առաջին փուլի աշխատանքները հիմքերի, բետոնացման, և սկսում են ճանապարհի ամրացման աշխատանքները: Այն տեխնոլոգիան, որն ընտրել է ինքը և պարտավորվել է ամենակարճ ժամկետում դուրս գալ մինչև մակերևույթ: 

Մասնագետները նշեցին, որ եթե բարենպաստ եղանակ լինի, առավելագույնը 15 օրում շինաշխատանքները կավարտեն ու կբացեն Ծիծեռնակաբերդի խճուղին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն