Նոր Զելանդիան հայտարարել է, որ մինչ 2025 թվականը կարգելի մեկանգամյա օգտագործման պլաստիկի տեսակների մեծ մասը՝ ամանեղենից մինչեւ ականջակալներ:

Նոր Զելանդիայի շրջակա միջավայրի նախարար Դեւիդ Փարքերի խոսքով՝ ամեն օր նորզելանդացիները մեկ անձի համար թափում են մոտ 159 գրամ պլաստիկե թափոն, ինչը երկիրը դարձնում է աշխարհում աղբի խոշորագույն արտադրողներից մեկը:

Մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելը կիրականացվի երեք փուլով: Խոսքը ամանեղենի, ռեստորաններից մթերքը տանելու տարաների, մրգերի ամանների, բամբակյա փայտիկների, կոկտեյլի ձողիկների, տոպրակների եւ այլնի մասին է:

«Պլաստմասայի այս տեսակները հաճախ են վերածվում աղբանոցներում թափոնների եւ աղտոտում են մեր հողերը, ջրային ուղիները եւ օվկիանոսները: Պլաստիկ թափոնների քանակի կրճատումը կբարելավի մեր շրջակա միջավայրը եւ կերաշխավորի, որ համապատասխանենք մեր մաքուր եւ բնապահպան հեղինակությանը»,- ասել է Փարքերը։

Նոր Զելանդիան վերջին տարիներին շրջակա միջավայրի համար խնամք տանող երկրի համբավ է ձեռք բերել: Այստեղ արգելվել է ափամերձ հատվածում նավթի եւ գազի նոր հետախուզումը եւ ընդունվել է օրենք, համաձայն որի՝ մինչեւ 2050 թվականը երկրում արտանետումները զրոյական կլինեն: Սակայն երբ խոսքը թափոնների մասին է, երկիրը դեռ շատ բան ունի անելու: The Guardian-ի տվյալներով՝ նա մեկ շնչի հաշվով առաջացած թափոնների ծավալով աշխարհի տասը առաջատարներից մեկն է:

Պլաստիկ բաժակները, թաց անձեռոցիկները եւ պոլիստիրոլի որոշ տեսակները, որոնք օգտագործվում են սառը ապրանքների տեղափոխման համար, դեռ չեն ներառվի արգելքի մեջ, բայց կառավարությունը կուսումնասիրի այդ իրերի փոխարինման հնարավորությունը եւ մինչեւ 2022 թվականը կհայտարարի դրանց վերաբերյալ որոշման մասին:

Բացի այդ, Փարքերը հայտարարել է պլաստմասայի ոլորտում 50 միլիոն դոլար արժողությամբ նորարարական ֆոնդի ստեղծման մասին, որպեսզի պլաստիկի կյանքի ողջ ընթացքում՝ արտադրությունից մինչեւ ոչնչացում, դրա համար մշակման նոր եղանակներ գտնեն:

«Հիմնադրամը կօգնի օգտագործել մեր հավաքական հնարամտությունը, որպեսզի ավելի քիչ պլաստիկ օգտագործելու ձեւեր գտնենք՝ հօգուտ շրջակա միջավայրի: Հիմնադրամը կնպաստի նաեւ աշխատատեղերի ավելացմանը եւ տնտեսության վերականգնմանը»,- նշել է Փարքերը:

Միեւնույն ժամանակ, Բնապահպանական լուծումների Unitec հետազոտական կենտրոնի տնօրեն, դոցենտ Թերի-Էն Բերին նշել է, որ միջոցառման թույլ կողմերից մեկն այն է, որ այն ավելի շատ ուղղված է սպառողներին, քան արտադրողներին: Չնայած առաջինը կարեւոր է, շինարարության եւ քանդման թափոնները կազմում են Նոր Զելանդիայի աղբավայրեր ուղարկված թափոնների մինչեւ 50 տոկոսը:

«Շատ հեշտ է մոռանալ, որ մեր կոմերցիոն որոշ հատվածներ նույնպես պլաստիկի խոշոր սպառողներ են»,- ասել է Բերին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն