2022-ի մայիսը վերջին 40 տարիների ընթացքում ամենացրտաշունչն  էր, և սա իր բացասական հետևանքները կունենա․ Հայաստանի ջրամբարները լցվածության, իսկ գյուղացին ոռոգման ջրի խնդիր կարող են ունենալ՝ բացատրում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը։ Գարնան սկզբին՝  նորմայից ավելի տեղումնառատ  մարտից հետո, մասնագետները կանխատեսում էին, որ խոշոր՝ Ազատի, Մարմարիկի, Ապարանի, Ախուրյանի ջրամբարներում ջրի պաշարների կուտակումը բավարար կլինի ոռոգման խնդիրները լուծելու համար, սակայն մայիսի ջերմային սառը ֆոնը «խմբագրեց» կանխատեսումները՝ ասում է Լևոն Ազիզյանը։

«Այս տարի մենք ունեցանք արտառոց մարտ ամիս, օդերևութաբանության պատմության մեջ երբևէ նման տեղումնառատ մարտ չենք ունեցել և ունեցանք մայիս ամիս, որն ամենացուրտ մայիսն էր պատմության մեջ, առանձին շրջաններում տեղումները նույնիսկ 1.5 անգամ գերազանցում էին  նորման։ Մայիս ամսվա այս ցուրտ ջերմային ֆոնը բացասական ազդեցություն ունեցավ ջրամբարների լցվածության վրա, որովհետև մարտի վերջին բավականին մեծ քանակություն կար, բայց ջերմաստիճանի բարձրացումը միանգամից տեղի չունեցավ, հալքը դանդաղ ու աստիճանաբար եղավ, և ինտենսիվ հոսք չեղավ դեպի ջրամբարներ»,– մանրամասնում է Լևոն Ազիզյանը։

Եղել են տարիներ, երբ տեղումներն ավելի քիչ են եղել, ձյան պաշարը՝ պակաս, բայց ի տարբերություն այս տարվա՝ օդի ջերմաստիճանն ավելի բարձր, իսկ ձնհալքն ավելի արագ ու ինտենսիվ է եղել։ Այս տարի, սակայն, ցուրտ մայիսի հետևանքով ձնհալքն ուշացել է՝ նկատում է  Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավարը։



Այս պահին ամենաբարձր լցվածություն ունի Ազատի ջրամբարը՝ շուրջ 86 տոկոս, իսկ ամենացածրը Ապարանի ջրամբարում է՝ շուրջ 54 տոկոս։ Ջրամբարներում ընդհանուր առմամբ 6 միլիոն խորանարդ մետրից  ավելի ոռոգման ջուր է կուտակվել,  քան նախորդ տարի։ Լևոն Ազիզյանը կարծում է՝ այս պաշարը պետք է որ բավարար լինի  ոռոգման խնդիրները լուծելու համար։

«Օրինակ՝ անցյալ տարի մենք ունեցանք ոռոգման ջրի խնդիր՝ պայմանավորված հունիս–հուլիս ամիսների հիդրոօդերևութաբանական պայմաններով, և Սևանա լճից հավելյալ ջրառի անհրաժեշտություն առաջացավ․ 57 մլն մետր խորանանդ, ինչի կարիքն այս տարի, կարծում եմ, չի առաջանա։ Անցյալ տարի Սևանա լճից ջրի բացթողումը սկսել են մայիսի 25-ին, իսկ այս տարի այդ որոշումը դեռ քննարկման փուլում է»,– ասում է Ազիզյանը։

Երկրում ոռոգման ջուրն ապահովում են 69 խոշոր ու փոքր ջրամբարները։ Կանխատեսվում է, որ խոշորներում՝ Ազատի,  Մարմարիկի, Ապարանի, Ախուրյանի և Արփի լճի ջրամբարներում այս պահին գումարային 206 միլիոն խորանարդ մետր ջուր կա։ Այս տարի գրեթե կրկնակի ավելի լցվածություն ունենք Ախուրյանի ջրամբարում՝ շուրջ 80 տոկոս։ Համեմատաբար ցածր է ցուցանիշը Արփի լճի ջրամբարում, սակայն մասնագետը կարծում է, որ մինչև հունիսի վերջ այդ տարբերությունը կվերանա։



«Եթե շատ խիստ արտառոց եղանակային պայմաններ չունենանք ոռոգման սեզոնին ապա պաշարը, կարծում եմ, բավական է։ Սակայն ոչ ոք ապահովագրված չէ նախորդ տարվա օդերևութաբանական պայմաններից, երբ մենք ունեցանք մեր պատմության համար խիստ արտառոց հունիս ամիս, երբ ջերմաստիճանը նորմայից 6-7 աստիճան բարձր էր և կային լեռնային շրջաններ, որտեղ տեղումների ցուցանիշը 0 տոկոս էր»։

Գործող ջրամբարները մեր երկրի ռազմավարական խնդիրները լուծելու համար բավարար չեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը՝ մանրամասնելով, որ միայն առատ տեղումներն ու եղանակային բարենպաստ պայմանները բավարար չեն ջրամբարների լցվածությունն ապահովելու համար․ պետք է ճիշտ օգտագործել աշխարհագրական դիրքը, հնարավորությունները և անպայման նոր ջրամբարներ նախագծել ու կառուցել։ Մինչև տարեվերջ կավարտվի Վեդիի ջրամբարի կառուցումը․ շինաշխատանքների  80 տոկոսն արված է։



«Վեդիի ջրամբարի կառուցումը, իհարկե, կտա իր դրական արդյունքը։ Այն 25 միլիոն մետր խորանանդ ծավալ ունի, որը հնարավորություն կտա մոտավորապես 2600 հեկտար հող ամբողջովին ջրապահովված դարձնել։ Այս առումով շատ կարևոր է նաև Կապսի ջրամբարի կառուցումը, որը հնարավորություն կտա Արփի լճի, Ախուրյանի ազատ հոսքերը կուտակել և դրանով ջուր մատակարարել առաջնահերթ Թալինի ջրանցքին։ Ոչ պակաս կարևոր է նաև Մյասնիկյան ջրամբարի կառուցումը»,– ասում է Գուրգեն Եղիազարյանը։

Կառավարության ծրագրով 15 փոքր ու միջին  ջրամբարների նախագծում ու կառուցում է նախատեսվում առաջիկա 3 տարիներին։ Անելիքի հրատապությունը ստիպել է ավելացնել բյուջեից հատկացումները․ 2022թ. բյուջեով ջրամբարների նախագծմանը կուղղվի 2 մլրդ դրամ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն