Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ցանկության մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը Անատոլու գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Երեկ Էրդողանի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց ՌԴ նախագահի հետ հանդիպելու իր ցանկության մասին,- նշել է Չավուշօղլուն,- Թուրքիան իր հերթին բոլոր ջանքերը գործադրում է կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու համար»։

Բացի այդ, թուրք նախարարն ընդգծել է, որ «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ազդել են ոչ միայն ուկրաինացիների, այլեւ ողջ աշխարհի վրա»՝ կոչ անելով «համապարփակ երկխոսություն սկսել հակամարտությունը դադարեցնելու համար»։

Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահը առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ։ Ինչպես երեքշաբթի հայտնել էր ուկրաինական «Վեստի»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին, Էրդողանի հետ զրույցում Զելենսկին համաձայնել է Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկին։ Նիկիֆորովի խոսքով՝ «դեռ խոսք չկա հանդիպման ձևաչափերի մասին», «խոսքը գնում է նման հանդիպման սկզբունքային համաձայնության մասին»։

Մայիսի 23-ին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միայն այն դեպքում, եթե բանակցություններում քննարկվի հակամարտության դադարեցման հարցը։ Մինչ այս Զելենսկին ասել էր, որ Պուտինի հետ հանդիպման նախապատրաստվելու կարիք չունի, քանի որ պատրաստ է քննարկել ցանկացած հարց։ Մայիսի 13-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումից, սակայն առանց նախապատրաստման հնարավոր չէ այն անցկացնել։

Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են փետրվարի 28-ից։ Բելառուսում մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, ապա կողմերը շարունակել են շփվել տեսակապով։ Մարտի 29-ին Ստամբուլում տեղի է ունեցել դեմ առ դեմ բանակցությունների փուլ։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել է, որ Կիևը, դուրս գալով Թուրքիայում կայացած բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը տարել է փակուղի։ Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 20-ին ասել է, որ Մոսկվան Կիևին է փոխանցել հստակ ձևակերպումներով համաձայնագրերի մասին փաստաթղթի նախագիծը և սպասում է պատասխանի։ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները բանակցային գործընթացի ընթացքում չեն հանդիպել.


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն