Հայաստանն ու Վրաստանը մարդկության պատմության օրրաններից են` «Ռադիոլուրի» հետ զրույցում  ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝  ծանոթանալով Թբիլիսիի ազգային թանգարանի տարածաշրջանային մեծ հավաքուծուի նմուշներին։

Հայաստանի նախագահը պաշտոնական այցի վերջին օրը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի,  խորհրդարանի նախագահ Շալվա  Պապուաշվիլիի հետ, եղել է Վրաստանի ազգային թանգարանում և հայ գրողների պանթեոնում։   

Հայաստանի նախագահը Վրաստան կատարած առաջին պաշտոնական այցը գնահատում է դրական։



«Պաշտոնական հանդիպումները մի նպատակ են հետապնդում՝ քննարկել առկա խնդիրները», –ասում է Վահագն Խաչատուրյանը։

Ըստ նրա՝  երկու երկրները պետք է վերհանեն դրանք՝  նման ակտիվ փոխայցերով փորձելով լուծումներ տալ։   

«Միասին պետք է հարցերը լուծենք, քննարկենք, առկա տրանսպորտային խնդիրների վերաբերյալ համատեղ որոշում կայացնենք, ներգրավվենք այնպես, ինչպես անում ենք կամրջի (հայ-վրացական սահմանի «Բարեկամության» կամուրջը․ խմբ․) կառուցման դեպքում» ։ 

Նախագահը նշում է, որ երկու երկրները նման են, ինքը երբևէ օտար չի զգացել Թբիլիսիում․ 

«Ես երբևիցե օտար չեմ զգացել ինձ Թբիլիսիում, պաշտոնական մակարդակում ևս այդ անմիջականությունը կա»։ 

Վրաստանի խորհրդարանում նախագահին ընդունեց օրենսդիրի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝  նշելով, որ Հայաստանի նախագահի առաջին այցը խորհրդանշական է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների հարաբերությունների կարևորությունը։

Դրական գնահատելով բարձր մակարդակի փոխայցելությունները՝ կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային զարգացումները, համապատասխան քայլերի ձեռնարկումը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Հանդիպմանը ներկա Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, վրաց-հայկական բարեկամական խմբի ղեկավար Գիա Վոլսկին «Ռադիոլուրին» ասաց։

«Մեր փոխայցերը նպատակ ունեն տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել, մեր պետությունների միջև զարգացում ապահովել։ Մեր հարաբերությունները պատմական են, մշտապես ընթացել են դրական մթնոլորտում։ Նախագահի այցը ևս մեկ անգամ ընդգծում է այդ դրական հարաբերությունների բացառիկությունը»։

Հայաստանի նախագահն այցի ավարտին  եղավ Վրաստանի ազգային թանգարանում, որտեղ  տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն ներկայացրեց թանգարանում պահվող եզակի նմուշներ։ «Այս հավաքածուի մի մասը Հայաստանից է, մյուսը՝ Վրաստանի տարբեր տարածքներից և մեր տարածաշրջանից։ Նայեք՝ թրի վրա հայկական արձանագրություն է»։

Հայաստանի նախագահը, խոսելով Վրաստանի թանգարանից ստացած տպավորություններից, ասաց․ «Մեր թանգարանային հավաքածուները նմանատիպ են, իրականում մենք այնքան նմանություն, չուսումնասիրված մեծ ներուժ ունենք, որ հայ և վրացի գիտնականներն անելիք ունեն»։

Նախագահի խոսքով՝ գիտական համագործակցության մեծ ներուժ կա։

«Եթե կարողանաք սկսել իրար հետ աշխատել, ի վերջո ուսումնասիրենք այստեղ մարդկության պատմությունը, իսկ որ մարդկության պատմության օրրաններից մեկը մեր տարածաշրջանն է՝ մասնավորապես Հայաստանը և Վրաստանը, սա վկայեցին Վրաստանի թանգարանի եզակի ցուցանմուշները»։

Նախագահի հաջորդ կանգառը հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնն էր։ Վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը ներկայացրեց պանթեոնի պատմությունը։ Պանթեոնը ձևավորվել է Խոջիվանքի շրջակայքում, որը Բերիայի հրամանով քանդվել է 1930-ականներին, իսկ գերեզմաններից շատերը ոչնչացվել են:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն