Սպիտակ տունը պատրաստվում է հայտարարել Ուկրաինայի համար 700 միլիոն դոլարի ռազմական օգնության մասին
Հունիսի 1-ին Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային 700 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության 11-րդ փաթեթի տրամադրման մասին: Այն ներառում է MLRS հրթիռային համակարգեր, ռադիոտեղորոշիչ ռադարներ, օդային հսկողության մի շարք ռադարներ, Javelin համակարգեր, հակատանկային զենքեր, լրացուցիչ հրետանի, արկեր, ինչպես նաև ուղղաթիռներ, զրահատեխնիկա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նոր տեխնիկան հնարավորություն կտա ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել Ուկրաինայի ներսում գտնվող առանցքային թիրախներին, ինչպես նաև կօգնի հակահարված տալ ռուսական առաջխաղացմանը: Հրթիռային համակարգերն ուկրաինական բանակը կօգտագործի «ուկրաինական տարածքում ռուսական ուժերի առաջխաղացումը հետ մղելու համար, բայց դրանք չեն օգտագործվի ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ», նշել է աղբյուրը:
«Եվ քանի որ հակամարտությունը զարգանում է, մենք կշարունակենք մեր օգնությունը հարմարեցնել ամենահրատապ կարիքներին», – հայտարարել է նա: