Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ունի:

81 կգ քաշայինների պայքարում այսօր մրցահարթակ դուրս կգան երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի մինչև 20 տարեկանների եռակի չեմպիոն Կարեն Մարգարյանն ու երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը:

Երկամարտում երկու ծանրորդների նախնական հայտը 335 կգ է: 81 կգ քաշայինների А խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ևս 8 ծանրորդ: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):

Կանանց հավաքականի կազմում էլ 3 մարզուհի է ընդգրկված՝ Իզաբելլա Յալյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հայաստանի թիմից առաջինը պայքարի մեջ է մտել Տոկիոյի oլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յալյանը. նա երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Վաղը՝ հունիսի 2-ին, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա երեք ներկայացուցիչ: Տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը (մեկնարկը՝ 19:00-ից), իսկ կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի Տաթև Հակոբյանը (ժամը 22:00):

Հունիսի 3-ին մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային ծանրորդներ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը: Նրանց մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ից:

Հունիսի 4-ին 102 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Սամվել Գասպարյանը (մրցելույթների մեկնարկը՝ 16:00), իսկ 109 կգ քաշային կարգում՝ Արսեն Մարտիրոսյանը (ժամը՝ 19:00): Կանանց 87 կգ քաշայինների պայքարում էլ Հայաստանը կներկայացնի Հռիփսիմե Խուրշուդյանը (ժամը 22:00):

Եվրոպայի ծանրամարտի առաջնության մրցումային վերջին օրը՝ հունիսի 5-ին, պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը (+109 կգ): Նրանց մրցելույթների մեկնարկը ժամը 18:00-ից է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն