Փորձում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հասնել․ ՀՀ- ում Չինաստանի դեսպան
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունը անդրադարձավ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների գտնվելու մասին հարցին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ հարցն իրենց համար կարևոր է, քանի որ և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի հետ իրենք բարեկամական հարաբերություններ ունեն։
«Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն անդրադարձել է ադրբեջանական ԶՈւ զինծառայողների՝ Հայաստանի տարածքում գտնվելու հարցին։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք փորձում ենք երկու երկրի միջև բանակցային գործընթացի միջոցով հաստատել խաղաղ հարաբերությունների»,- նշեց Ֆան Յունը։
Ադրբեջանական զորքերի կողմից մի քանի ուղղություններով ՀՀ տարածք ներխուժման մասին ՀՀ ՊՆ-ն հայտնեց մայիսի 12-ին: Մինչ այս պահը խնդիրը լուծում չի ստացել: ՀՀ պաշտոնական շրջանակների հայտարարությունների համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում խնդիրը լուծելու և ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս բերելու համար:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանը մայիսի 24-ին անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը. «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի բարեկամներն են և գործընկերները: Մենք ամենայն անկեղծությամբ հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով և միասին կգործեն հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության», - ասել էր նա: