Մոսկվայի բիզնես-կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը մարվել է
Այսօր առավոտյան Մոսկվայի արևմուտքում գտնվող «Գրանդ Սեթուն Պլազա» բիզնես-կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը մարվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ կրակն ընդգրկել է ավելի քան հազար քառակուսի մետր տարածք։ Հաջողվել է ավելի քան 120 մարդ տարհանել շենքից, սակայն փրկարարները զգուշացրել են, որ ներսում կարող են մարդիկ լինել: Տուժածներից ոմանք դիմել են բժշկական օգնության՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հրդեհին տրվել է բարդության առավելագույն՝ հինգերորդ աստիճան։ Մարման աշխատանքներին ներգրավվել են երեք հարյուրից ավելի հրշեջներ և հարյուր տեխնիկա, այդ թվում՝ 3 ուղղաթիռ։ Մոտ երկուսուկես ժամում հրդեհը հաջողվել է տեղայնացնել, ավելի ուշ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ կրակն ամբողջությամբ մարվել է։
Ըստ նախնական տվյալների՝ դեպքի ամենահավանական պատճառը եղել է կարճ միացումը՝ ճակատային լուսավորության ոչ պատշաճ տեղադրման պատճառով: