Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքներն ընթացքի մեջ են
Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ այցելել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր համալիրի կառուցման շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին, շինարարը ներկայացրել է առաջիկա անելիքները, հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից։ Իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 4 մլրդ 938 մլն դրամ։