ՌԴ ԱԳՆ-ն նշել է պատժամիջոցների վերացումից հետո հացահատիկ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը
Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ մատակարարել բոլոր կարիքավոր երկրներին, սակայն դրա համար Արևմուտքը պետք է չեղարկի պատժամիջոցները, որոնք ազդում են նման մատակարարումների վրա՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Interfax-ը։
«Եթե ԱՄՆ-ն և ԵՄ երկրները իսկապես ցանկանում են լուծել սովի խնդիրը, որի մասին այդքան խոսում են, պետք է չեղարկեն համապատասխան սահմանափակումները, և այդ ժամանակ բոլոր կարիքավորները կկարողանան ստանալ հացահատիկը»,- նշել է Զախարովան ուրբաթ կայացած ճեպազրույցում։
«Սևծովյան նավահանգիստների ջրային տարածքի ականազերծման դեպքում մենք պատրաստ ենք ապահովել հացահատիկի անվտանգ արտահանումը, այդ թվում տրանսպորտային նավերն ուղեկցել Սև ծովի միջազգային ջրեր»,- ընդգծել է նա։
Զախարովայի խոսքով՝ հացահատիկի մատակարարմանը խոչընդոտում են Արևմուտքի սահմանափակումները, արգելքները ռուսական նավահանգիստներ օտարերկրյա նավերի մուտքի, օտարերկրյա նավահանգիստներում ռուսական նավերի սպասարկումների վրա, ինչպես նաև արգելքները ապահովագրության և բանկային գործարքների ոլորտում: