Հուլիս ամսվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով՝ պայմանավորված տաք հոսանքների ներթափանցմամբ: Արարատյան դաշտում, Երևանում և հովտային տարածքներում առանձին օրերին օդի ջերմաստիճանը կհասնի +40, +41 աստիճանի:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՇՄ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ Սուրենյանի՝ ի տարբերություն հունիսի՝ հուլիս ամսվա ընթացքում Հայաստան կներթափանցեն նաև սառը օդային հոսանքներ: Ժամանակ առ ժամանակ կգրանցվեն ամպրոպի տեսքով կարճատև անձրևային տեղումներ:  

«Շոգ եղանակը երբեմն կընդհատվի Սև ծովից եկող սառը հոսանքներով: Հունիս ամսվա ընթացքում տեղումներ գրեթե չեն եղել, որոշ տեղերում ընդհանրապես չեն եղել: Հիմա կանխատեսվում են տեղումներ նորմայի սահմաններում: Մենք ասում ենք՝ նորմայի սահմաններում, բայց թող տպավորություն չստեղծվի՝ դրանք լինելու են բավարար չափով: Օրինակ՝ Երևանում և Արարատյան դաշտում տեղումների նորմայի քանակը 9-10 միլիմետր է, ու մեկ անձրևը դա կարող է լրացնել»,- ասաց նա:

Առաջիկա օրերին՝ հուլիսի 3-ին և 4-ին, ըստ Սուրենյանի՝ Իրաքից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտիներում օդի ջերմային ֆոնը կլինի +40, +41: Հուլիսի 6-ից սկսած՝ տաք օդի ալիքները կփոխեն իրենց ուղղությունը, և հուլիսի 6-7-ը Հայաստանում կգրանցվի ջերմաստիճանի նվազում՝ 5-4 աստիճանով:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց խորհուրդ տվեց հետևեն, որ բույսերը տաք ջերմաստիճանի հետևանքով չջրազրկվեն. «Օդի հարաբերական խոնավությունը շատ ցածր է, օդի ջերմաստիճանը՝ շատ բարձ, այս դեպքում բույսերի ոռոգումը շատ կարևոր է»,- ասաց նա:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն