Պատրաստ է աշխատել, բայց կանգնած է՝ պարտքերի տակ․ ի՞նչ ճակատագիր է սպասվում Հրազդանի ՋԷԿ-ի 5րդ բլոկին
Գումարը կա, գործելուն պատրաստ է, բայց աշխատանքները դադարեցված են։ Խոսքը «ԳազՊրոմ Արմենիա» ընկերությանը Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ բլոկի մասին է, որը արդեն 1 տարուց ավելի է՝ ռեզերվում է, չի աշխատում։ «Ռադիոլուր»-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից արձագանքել էին՝ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, վնասաբեր գործունեությունը հանգեցրել է շուրջ 100 մլն դոլար պարտքի գոյացմանը։ Բայց չաշխատելով հանդերձ էլ՝ կայանի պահպանման համար պետությունը լուրջ ծախսեր է անում։
Ինչո՞ւ փակվեց Հրազդան ՋԷԿ–ի 5–րդ բլոկը, ի՞նչ վիճակում է այն այժմ ու ինչ աշխատանքներ են տարվում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող կառույցում այս հարցերին չեն պատասխանում։ Փոխարենը մանրամասնում են արդեն կատարված ու ընթացիկ պահպանման աշխատանքները։ Հրազդան ՋԷԿ–ի 5–րդ բլոկի գլխավոր ճարտարագետ Արտակ Մովսիսյանը «Ռադիոլուրին» ասում է՝ 2013-ից շահագործման հանձնված «Հրազդան-5 ՋԷԿ»-ը համալրված է նորագույն սարքավորումներով․
«Կաթսան ենթարկվեց լուրջ կառուցվածքային ձևափոխումների, որպեսզի գազատուրբինը կարողանա աշխատել։ Մի բան է, երբ այնտեղ մտնում է սառը օդ, մեկ այլ բան է, երբ 500 աստիճանի ծխագազ, որի մեջ թթվածինն ընդամենը 14 տոկոս է։ Բացառիկությունը նրանում է, որ 300 մեգավատանոց շոգետուրբինը հնարավոր եղավ վերակառուցել արդեն գոյություն ունեցող սխեմայով ՝ գազատուրբինով։ Արդունքում ավելի քիչ կորուստներ ենք ունենում՝ ստանալով ավելի շատ էլեկտրաէներգիա»։
«Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող կայանն այս պահին էլ չի աշխատում։ Հրազդան ՋԷԿ–ի 5–րդ բլոկի գլխավոր ճարտարագետն ասում է՝ իրենք հիմա կայանի պահպանումն ու գործելուն պատրաստ լինելն են ապահովում, մյուս հասցեատերն իրենք չեն․
«Եթե հիմա ասեն միացրեք, կարող ենք, համակարգերը կան, բայց կայանը ռեզերվում է։ Էներգետիկ համակարգում կայանների մի մասը միշտ ռեզերվում է լինում։ Դա, ոնց որ դուք մի տաքսու փոխարեն երկրորդ վարորդի հետ էլ պայմանավորվեք։ Ասեք՝ ես քո փողը կտամ, դու տանը նստիր, եթե սա փչանա, քեզ կանչեմ, գաս։ Ես գլխավոր ինժեներն եմ, պատասխանատու եմ անվտանգ,հուսալի շահագործման համար։ Եվ կայանի կոլեկտիվը դա անում է»։
Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը դադարեց աշխատել 2021-ի փետրվարի սկզբին։ Ինչո՞ւ, որքանո՞վ էին անիրատեսական դրա հետ կապվող հույսերն ու ներդրումային ծրագրերը, ինչո՞ւ այն կանգնեց հսկա պարտքերի առաջ։ «Ռադիոլուր»-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից արձագանքեցին՝ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը հանգեցրել է գործունեության վնասաբերության և որպես հետեւանք՝ շուրջ 100 մլն դոլար պարտքի գոյացմանը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Հրազդան-5» հիմնարկի կողմից շահագործվող «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով, որպես գործունեության հիմնական ուղղություն, դիտարկվում էր կայանից առաքված էլեկտրաէներգիայի արտահանումը՝ հաշվի առնելով կայանի մեծ հզորությունը (467 ՄՎտ) և ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի փոքր պահանջարկը:
Արտահանումը նախատեսվում էր կազմակերպել Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով, որի շինարարությունն ավարտված չէ: Իսկ քանի դեռ գիծը չկա, «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնավոր։
ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը տնտեսական խնդրի հիմքում մի քանի հիմնական պատճառ է տեսնում։ Չի կիսում կարծիքները, թե բլոկի կանգնեցման հիմնական պատճառն Իրան-Հայաստան բարձր լարման օդային գծի կառուցման հետաձգումն է։ 2006-ից սկսված շինարարությունն ակտիվ փուլ է մտել միայն 2018-ի գարնանը։ Փոխնախարարն արձանագրում է՝ իհարկե, սա խնդիր է, սակայն միակ պատճառը չէ․
«Պատճառներից է նաեւ այն, որ գործող գծերի պայմաններում արտահանման շուկաներ չեն եղել։ Եթե օգտագործվեին գործող վրացական 3 գծերը, իրանական կողմի հետ էլ շահավետ պայմանագրեր լինեին, հինգերորդ բլոկը կաշխատեր ոչ թե 30 տոկոս ծանրաբեռնվածութւամբ, այլ՝ 70–80 տոկոս։ Իհարկե, ամբողջությամբ չէր կարող աշխատել, եթե երրորդ էլեկտրահաղորդման գիծը չկա»։
Կառավարությունը ռուսական ընկերությանը պատկանող 5-րդ բլոկի վերականգնման եւ ընթացիկ պահպանման նպատակով որոշ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Կուտակած 100 մլն դոլարի պարտքը կփակվի, թե ոչ՝ հստակ չէ։ Բայց տասը տարի շարունակ կառավարությունը տարեկան մոտ 32 մլն դոլար պետք է վճարի «Գազպրոմ Արմենիա»-ին՝ որպես էներգաբլոկի տարեկան հզորության վճար, որն էլ պետք է նպաստի էներգաբլոկի վերագործարկմանը, թույլ տա հաստատուն պահել Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 165 դոլար՝ հազար խմ-ի համար։ Գազի գինն, իհարկե, սահմանին անփոփոխ մնաց, բայց արդեն ապրիլից սպառողներին մատակարարվող գազը թանկացավ 5 դրամով․ կալորիականության ճշգրտում է՝ պարզաբանեցին ՀԾԿՀ–ում։
Արդյո՞ք «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը 10 տարի շուրջ 32 մլն դոլար վճարելը լավագույն լուծումն էր։ ՏԿԵ փոխնախարարը վստահ է՝ կառավարությունն ամեն ինչ արել է, որ ունենա լավագույն առաջարկը գազի գնի հետ փոխկապված տարբերակում։ Քանի որ այդ լուծումը գտնվել է, ուստի ավելի լավ տարբերակ հնարավոր չէր գտնել։ Միայն թե դեռ պարզ չէ՝ ե՞րբ ռեզերվից դուրս կգա Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ բլոկը կամ ընդհանրապես դուրս կգա՞։