Հորդառատ դոլարային անձրև՝ Հայաստանի վրա. բողոքե՞նք, թե հարստանանք

Բոլորն ու ամենուրեք խոսում են այն մասին, որ «դոլարի կուրսն ընկել է», այսինքն, դրամն արժևորվել է: Քննարկում են բոլորը, բայց քչերն են փաստարկված մեկնաբանում, թե ինչ է տեղի ունենում իրականում: Եկեք միասին հասկանանք, պատասխանենք հնչող հիմնական հարցերին.

1.  «Ինչու՞ է դոլարի կուրսն ընկնում»

Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին իսկ օրերից Հայաստանն ընդունեց մեծ թվով ռուսաստանցիների: Նրանք, հիմնականում, բավականին բարեկեցիկ ընտանիքներ են, ովքեր զգալի գումարներ են ծախսում՝ էականորեն նպաստելով հյուրանոցային բիզնեսի, ռեստորան-սրճարանների, մանրածախ առևտրի՝ հետևաբար նաև գյուղմթերքի ու սննդի իրացման աճին: Երկրները տասնամյակներով գովազդային արշավներ են անում այսպիսի արդյունքներ ունենալու համար: Մենք այդ արդյունքն ունենք հիմա:

Բայց: Կա նաև հարցի մյուս կողմը: Մեր երկրի հյուրերը ծախսում են գումարներ, որոնք երկիր են բերում դրսից: Այսինքն ամեն ամիս էական մեծ արտարժույթի ծավալ է սկսել մտնել Հայաստան: 2021 թվականի ապրիլին արտարժույթի ամբողջ ներհոսքը Հայաստան կազմել է 168 միլիոն ԱՄՆ դոլար: Ուզու՞մ եք իմանալ որքան արտարժույթ է մտել մեր երկիր այս ապրիլին: Պինդ բռնվեք: 358 միլիոն ԱՄՆ դոլար կամ կրկնապատիկից ավելի: Պատկերացնու՞մ եք դա ինչ է: Նման պատկեր կունենանք նաև մայիսին. թվերը շուտով կլինեն: 

Ինչ է ստացվում. մենք մեզ համար ապրում ու աշխատում ենք, մեկ էլ հանկարծ հանգամանքների բերումով մեր տնտեսության մեջ սկսվում է դոլար լցվել, լցվել բառի բուն իմաստով: Բա ուզում էինք այդքանից հետո դրամը չարժևորվե՞ր: Իհարկե պիտի արժևորվեր. բարձրաձայն կրկնեք «358 միլիոն ԱՄՆ դոլար» արտահայտությունը և ամեն ինչ պարզ կդառնա:

2. «Ինչու՞ Կենտրոնական բանկը չի գնում այդ արտարժույթը, որ կուրսը կայուն լինի»

Դա, առաջին հայացքից, տրամաբանական ճանապարհ է թվում: Սակայն, ինչպես տեսնում ենք, Կենտրոնական բանկը չի շտապում դա անել: Իմ կարծիքով, ճիշտ է անում: 

Կենտրոնական բանկն ինչո՞վ է գնում դոլարը: Այո՛, իր թողարկած դրամով: Հետո ինչ է լինու՞մ: Այո, դրամի քանակը տնտեսության մեջ ավելանում է և գները «թռնում են»: Ձեր բառերով ասած, «դոլարի կուրսը պահենք», որ սարսափելի գնաճ լինի՞:

Իմաստը որն է՞: «Կուրս պահենք», որ մեր երկրի շարքային քաղաքացիներն իրենց առօրյա հոգսերից զատ, անընդհատ բախվեն համատարած թանկացումների՞ խնդրին: Ինչի՞ համար: Մենք ու՞մ կողմից ենք:

3.  Բայց չէ՞ որ թանկացող դրամը վնասում է արտահանողներին:

Լու՞րջ: Այո՛ վնասում է, երբ ոչինչ չանես: Բայց էլի եկեք միասին դատենք: Մենք հիմնականում արտահանում ենք սննդամթերք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ, ծխախոտ և այլն: Ուր ենք մեծամասամբ արտահու՞մ: Այո՛, Ռուսաստան: Կարո՞ղ է նվազել այդ արտահանումը, այո՛ կարող է: 

Բայց նույն Ռուսաստանի ձեր շուկայի մի մասը հիմա եկել է Երևան և ձեր ապրանքը պատրաստ է գնել դրամով՝ հայաստանյան խանութներից ու ռեստորաններից: Գիտե՞ք ինչ ծավալով, ասեմ՝ ըստ վերևում բերված թվերի՝ ամսական 100 միլիոն դոլարից ավել գումարի չափով: Բա էլ ինչի՞ ենք սպասում: Ի՞նչ անենք, բողոքենք մեր կյանքից ու որ կուրսն ընկե՞լ է, թե՞ հարստանանք: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ:

4. Հիմա ինչ, ոչ մի խնդիր չկա՞:

Կա, իհարկե կա: Այսպես թե այնպես, երբ սովորականից շատ ավելի մեծ ծավալի արտարժույթ է սկսում մտնել երկիր, այն ինչ-որ ձև պետք է կառավարվի: Պատկերացրեք մի առավոտ զարթնել ենք ու Հայաստանում նավթ է սկսել դուրս գալ գետնի տակից, որն ամբողջությամբ գնում են ու մեզ վճարում դոլարով: 

Սա մեր այսօրվա իրավիճակին շատ նման է՝ առանց նավթի հատվածի: Ուրեմն մենք էլ պիտի անենք այն, ինչ անում են նավթ արդյունահանող երկրները: Իսկ ի՞նչ են անում այդ երկրները. նրանք բյուջետային կամ այլ մեխանիզմներով հավաքում են այդ դոլարը, ստեղծում ազգային ֆոնդեր և օգտագործում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի համար: 

Այս մասին է, որ մենք էլ պիտի սկսենք մտածել:

Մյուս կողմից, հայկական բիզնեսն էլ պիտի կարողանա արդեն ավելի արագ որոշումներ կայացնել, հարմարվել իրականությանը և փորձել շահել այդ իրականությունից: Պետք է արագ լինել: 

Օրինակ, վերջին հռետորական հարցս՝ «կուրսն իջել է», ձեր ապրանքների գները ե՞րբ եք պատրաստվում իջեցնել, հարգարժա՛ն գործարարներ: Ու հարցս պատահական չեմ տալիս. առկա խնդրի լուծման մի մեծ շղթա էլ դրանով է իրականում սկսվում: 

Ավելին ասեմ, կարծում եմ, մասնավորապես, Գազպրոմ-Արմենիան արդեն կարող է հայտ ներկայացնել կարգավորող մարմնին՝ գազի գինը սպառողների համար մյուս տարվանից իջեցնելու համար:


Արկադի Գրիգորյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն