Մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով և ընդհանուրը՝ մոտ մեկ միլիարդ դրամ արժողության 65 նոր միկրոավտոբուսներն այս ամիս էլ, հավանաբար, Գյումրիի քաղաքային տրանսպորտի երթուղիներ դուրս չեն գա։ Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պարզաբանմամբ՝ պատճառները տեխնիկական են, որոնք կարգավորելու համար էլի ժամանակ է պետք։

Փոխարենը չշահագործվող 65 նոր միկրոավտոբուսներում մետաղադրամ ընդունող սարքերի տեղադրման աշխատանքներն են ավարտվել: Դրանց  համար քաղաքային բյուջեից 16 միլիոն 285 հազար դրամ է ծախսվել: Միայն 100 դրամանոց մետաղադրամ ընդունող սարքեր են, որոնք աշխատելու են հետևյալ տարբերակով՝ 100 դրամանոցը  ուղևորը սարքի մեջ գցելու է ոչ թե իջնելուց, այլ տրանսպորտ բարձրանալիս:




«Տեղադրված է նաև ազդանշանային լույս, որ դրամը գցելուց հետո տալիս է և՛ ձայնային, և՛ լուսային ազդանշան վարորդի մոտ, որ վարորդը կարողանա հետևել՝ ուղևորը դրամը գցե՞ց սարքի մեջ, թե՞ ոչ»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Ավետիսյանը։

Մետաղադրամ ընդունող թանկարժեք սարքերը նաև ծառայելու են որպես հաշվիչներ, օրվա վերջում վահանակի վրա ֆիքսված թվային ցուցիչով կորոշվի, թե քանի ուղևոր է օգտվել երթուղայինից: Նոր միկրոավտոբուսներում այլ հսկողական գործառույթներ էլ կան՝  խոսքը գծային հսկիչների և տեղադրված տեսախցիկների մասին է:

Այսինքն՝ միկրոավտոբուսներում ամեն ինչ կա, բայց էլի երթուղի դուրս չեն գալու։ Այս ընթացքում վերջապես դրանք տեղափոխվել են ավտոբուսային պարկ: Մի մասը  կայանած են փակ՝ անգարային հատվածում, մյուսները կրկին բացօթյա տարածքում են, շինարարությունը պարկում դեռ ավարտված չէ:




Տարածքի ու պարկի վերանորոգման անավարտ վիճակը պարզվում է միակ պատճառներից մեկը չէ նոր տրանսպորտային միջոցները չշահագործելու, կան այլ տեխնիկական պատճառներ, որոնք հայտնաբերել են ավտոպարկ տեղափոխելու ընթացքում:

«Շարժիչները գործարկելու ժամանակ նկատվեց, որ մեքենաների շարժիչները  հստակ չեն աշխատում, կան թերություններ, որոնք կապված են գազաբալոնային համակարգերի հետ։ Հրավիրել ենք այն կազմակերպության աշխատակիցներին, որոնք տեղադրել են գազաբալոնները, որ նրանք կարողանան կարգավորեն խնդիրները, որ հետագայում շահագործման ընթացքում նոր պրոբլեմների առաջ չկանգնենք»,- ասել է Գագիկ Ավետիսյանը։




Տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետը բացատրում է, որ գազաբալոնային համակարգում ի հայտ եկած թերությունները մեկ տարի բաց տարածքում մնալու հետևանք չեն, այլ դրանք տեղադրելուց հետո ուղղակի չեն փորձարկվել: Բացի դրանից, միկրոավտոբուսներից մի քանիսի մարտկոցները դժվարությամբ են հոսանքի սնուցում ստանում, թեև ամբողջ ձմեռ աշխատողները պարբերաբար  շարժիչներն աշխատեցրել են։

Գազաբալոնների ու մարտկոցների թերությունները վերացնելը մի կողմից, D կարգի վարորդների ընտրությունն էլ մյուս՝ նոր ձևավորված «Գյումրի-ավտոբուս» ՓԲԸ-ում ժամանակատար են համարում։ Դիմումներ ունեն, բայց նոր միկրոավտոբուսների ղեկը վստահելու փորձառուներ գտնելն էլ է բարդ, բարդացել է նաև շահագործման հստակ ժամկետներ նշելը։




Քաղաքապետարանը հիմա էլ հունիսն է բացառում, որպես երթուղիներ դուրս գալու նախապես հայտարարված ժամկետ, բայց ուժի մեջ է խոստումների ժամկետը, որ մինչև տարեվերջ, այնուամենայնիվ, նոր տրանսպորտային միջոցներով սպասարկում կլինի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն