Ինչ-որ փուլում հայ-ադրբեջանական խնդիրների շուրջ Մոսկվան ու Բրյուսելը ոչ թե կհամագործակցեն, այլ համատեղ կգոյատևեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է և բազմազան, դրանք երկկողմ հարաբերությունների հարցեր են և տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։
Ըստ նրա. «Օրակարգի հիմնական հարցը վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Մենք շատ ինտենսիվ քննարկում ենք այդ հարցը Ռուսաստանի հետ և այլ հարցեր, օրինակ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։ Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք հասնել կոնկրետ պայմանավորվածությունների և վերջնականապես լուծել այս ռազմավարական կարևոր խնդիրը ողջ տարածաշրջանի համար՝ հանուն կայունության և խաղաղության»։
Նա հայտնել է, որ օրերս կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը. «Արդեն նախատեսվում է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ Այս համատեքստում մենք հույս ունենք, որ Ռուսաստանի աջակցությամբ այս գործընթացը բնականոն կզարգանա և արդյունավետ կլինի»։
Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի կարևորությունը, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության. «Այս հարցում նույնպես մենք հույս ունենք, որ Ռուսաստանի աջակցությամբ այս հումանիտար հարցը ամբողջությամբ կլուծվի»։
Հնարավո՞ր է արդյոք հայ-ադրբեջանական խնդիրների հարցերում համադրել ռուսաստանյան ու բրյուսելյան միջնորդությունները։ Քաղաքագետ Դավիթ Հարությունովը գտնում է, որ դրանք արդեն համադրվում են․ «Բավականին երկար ժամանակ է այդ պրոցեսն ընթանում է երկու ուղղությամբ՝ մեկը Բրյուսելն է, մյուսը՝ Մոսկվան, պարզապես իրար մեջ փոխգործակցություն չկա։ Դա այն նորությունն է, որ առաջացել է Ուկրաինայում սկսած պատերազմից հետո։ Չնայած այդ փոխգործակցությունն այս պահին քիչ հավանական է թվում, բայց եթե ռուսական կողմը չկարողացավ գործնականում Եվրամիությանը դուրս մղել այդ պրոցեսներից, քիչ հավանական է, որ հետագայում ևս չեն փոխգործակցի։Բացի այդ պետք է նկատի ունենանք, որ Եվրամիությունն այդ պրոցեսում ներգրավված է ոչ միայն Հայաստանի պատճառով, նաև Ադրբեջանն է որոշակիորեն հետաքրքիր Եվրամիության համար։Կարող ենք ասել, որ եթե ոչ այս փուլում ապա հետագայում Մոսկվան ու Բրյուսելը այս հարցի շուրջ ոչ թե կհամագործակցեն, այլ գոնե համատեղ կգոյատևեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը մեջբերում է նաև ռուս քաղաքագետների այն դիտարկումները, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը Մինսկի խմբի վրա փաստացի չի արտահայտվել ․ «Կողմերը գործնականում աշխատել են ու բոլոր համանախագահների կողմից մոտավորապես նույն տեսլականն է եղել կարգավորման վերաբերյալ։ Այլ խնդիր է, որ այդ կարգավորումը հնարավոր չի եղել իրականացնել, բայց Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հակասությունները Ռուսաստանի հետ ֆորմատի վրա հիմնականում չի անդրադարձել։ Ուկրաինայի դեմ պատերազմից հետո նորությունն այն է, որ իրենք իրար հետ այլևս չեն գործակցում, կողմերի միջև կոնտակտներ չկան, բայց փաստացի կյանքը ցույց է տալիս, որ այժմ էլ միաժամանակ երկու ֆորմատներ գոյատևեն։ Արդեն հիմա էլ մոտ երկու ամիս է այդ իրավիճակը գոյություն ունի։ Հիմա էլ Բրյուսելի միջնորդությամբ հանդիպումներ են տեղի ունենում, Մոսկվայի միջնորդությամբ՝ ևս»։
Դիտարկմանը, որ եթե Բրյուսելն ու Մոսկվան տարբեր առաջարկություններով հանդես գան, հնարավո՞ր է ինչ-որ փուլում մենք խնդրի առաջ կանգնենք, Հարությունովը պատասխանեց․ «Դա բացառել չի կարելի։Երբ ես ասում է, որ Ռուսաստանին այս պրոցեսից դուրս մղել չի հաջողվի, նույն բանը նաև Եվրամիության մասով կարելի է նշել։ Ընդհանրապես եթե Հայաստանի արտաքին քաղաքականությանը գերակայությունների առումով ավելի գլոբալ նայենք, իրավիճակը Հայաստանի համար բավականին բարդ է։Գնալով դժվարանալու են Հայաստանի հնարավորությունները՝ արևմուտքի ու Ռուսաստանի ուղղությամբ մանրևրելու հետ կապված։ Ես չեմ բացառում, որ այստեղ ինչ-որ հակասող տարբերակներ լինեն, որ հայկական կողմը ստիպված լինի ընդունել։ Բայց կա նաև դրական կողմը։ Երբ ես նշում է, որ ժամանակին համանախագահները նույն տարբերակներն էին առաջ քաշում, նման պրոցես կա։ Մենք տեսնում ենք, որ թեպետ ուղղությունները տարբեր են, բայց փաստացի նույն պրոցեսի մասին է խոսքը գնում։ Այսինքն նույն կետերն են՝ սահմանի ճշտում, խաղաղության պայմանագիր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Այստեղ շատ լուրջ հակասություն չկա, իրենք մոտավորապես նույն բանն են առաջարկում։ Նույնիսկ Ռուսաստանի դերը դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում էլի մի բան է, որը չեմ կարծում, թե Եվրամիությունը վիճարկի։Եվրամիությունն այս հարցում Ռուսաստանի տեղը զբաղեցնելու իմաստով համապատասխան մեխանիզմներ չունի։ Դրա համար պետք է թե՛ քարտեզների տեսքով որոշակի տեղեկատվություն, թե՛ ռազմական ներկայություն։ Եվրամիությունը դրանք չունի և քիչ հավանական է, որ իրենց կողմից ինչ-որ հատուկ առաքելություն լինի, որովհետև հասկանալի է, որ ուշադրության կենտրոնում ուկրաինական իրադարձություններն են»։
Մեր զրուցակիցը նշում է, որ Հայաստանի հնարավորությունների դաշտը մանևրելու հարցում գնալով փոքրանալու է․ «Եթե Ռուսաստանի ու արևմուտքի հարաբերություններն այսպես լարված մնան, դա Հայաստանի համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու»։
Արդյոք Ռուսաստանն ու արևմուտքը Արցախի կարգավիճակի հարցում նույնական մոտեցում ունեն, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց․ «Մենք այստեղ որոշակի տեղեկատվության խնդիր ունենք։ Բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ մոտավորապես նույն գործընթացների հետ ենք առնչվում։ Թե՛ Բրյուսելի ու թե՛ Մոսկվայի հիմնական մոտեցումն այն է, որ առաջին պլան է մղվելու սահմանազատման խնդիրը, խաղաղության պայմանագիրը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Իսկ կարգավիճակի հարցն առնվազն ետին պլան է մղվում՝ թեկուզ ժամանակի իմաստով։Փաստացի Բրյուսելի ու Մոսկվայի ռազմավարությունն է կենտրոնանալ հիմնական կետերի վրա՝ սահմանի ու խաղաղության պայմանագրի և ոչ կարգավիճակի»։