Փետրվարի 1–ից  Հայաստանում հոսանքի վաճառքն իրականացվում է մենաշնորհից հրաժարվելու, դաշտն ազատականացնելու տրամաբանությամբ։ Նոր մոդելը ենթադրում է, որ սպառողը կարող է հոսանք ձեռք բերել նոր մատակարարներից՝ ավելի ցածր գնով։ Մինչ այժմ ՀԷՑ-ը հոսանք արտադրող բոլոր կայաններից վերցնում էր հոսանքը ու բաշխում սպառողին՝ ձևավորելով միջինացված վերջնական սակագինը։ Շուկան ազատականացնելով՝ հրաժարվում ենք «միջինացված սակագին» հասկացությունից՝ ասում են փորձագետները ու բացատրում՝ ամեն սպառող հնարավորություն կունենա շուկայից էլեկտրաէներգիան գնել այն գնով, որով ինքն ազդեցություն ունի այդ սակագնի վրա։

Արդեն հինգ ամիս Հայաստանի էներգետիկ շուկան ազատականացված է։ Սա նշանակում է, որ ՀԷՑ-ն այլևս սպառողին հոսանք մատակարարող միակ ընկերությունը չէ։ Ավելին՝ էլեկտրաէներգիա վաճառող որոշ կայաններ սկսել են վաճառքի գործընթացն ինքնուրույն կազմակերպել։ Լուրջ խնդիրներ դեռ չեն արձանագրվել՝ վստահեցնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը․

«Ունենք շուրջ մեկ տասնյակ մատակարարներ, շուրջ 5 թրեյդերներ կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձինք: Շուկան բնականոն, կարգավորումներին համապատասխան աշխատում է»:

«Հաշվարկային կենտրոն»-ում տեղյակ են, թե շուկայում որ ընկերությունը որքան հոսանք է ծախսում, գործող սակագնից որքան ցածր արժեքով է էլեկտրաէներգիա ձեռք բերում։ Կենտրոնում աշխատում են նոր համակարգով, գործարքներն իրականացնում են նոր ծրագրով, բայց տվյալներ չեն հրապարակում, քանի որ առևտրային գաղտնիք է։

Վստահեցնում են՝ մի քանի ամսից արդեն հոսանքի բորսայական առևտուրը կտրուկ կավելանա, քանի որ 2023-ի փետրվարից էլեկտրաէներգիան այլ մատակարարից պետք է գնեն հոսանքի ամենախոշոր սպառողները։ Խոսքը տարվա կտրվածքով առնվազն 1 մլն կվտ/ժամ հոսանք օգտագործող ընկերությունների մասին է։ «Հաշվարկային կենտրոն» ընկերության գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը բացատրում է ընկերությունների ընտրության տրամաբանությունը.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Վեոլիա ջուրը», «Թեղուտը», «Նաիրիտը», Զոդի ոսկու հանքը՝ «ԳեոՊրոՄայնինգը»։ Հիմնականում ոչ թե հանքարդյունաբերական ընկերություններն են, այլ՝ մեծ ընկերությունները։ Բոլոր այն սպառողներն են, որոնք անմիջապես միացած են հաղորդողի կամ բաշխողի ցանցին, հատկապես՝ 110 կիլովոլտ լարման ցանցին են միացած»։

Խոշոր տնտեսվարողների համար «Հաշվարկային կենտրոն»-ը դասընթաց է կազմակերպել սովորեցնելու, թե ինչպես է աշխատում հատուկ ծրագիրը, որ ձեռնարկության կարիքներից ելնելով՝ կարողանան այլընտրանքային մատակարարից օրվա կտրվածքով հոսանք պատվիրել ու ստանալ, այլապես ստիպված կլինեն ցանցում եղած ամենաթանկ էլեկտրաէներգիան գնել։

Մայիսի 13-ից «Վեոլիա ջուր»-ը սպառման մեկ կետով միացել է էլեկտրաէներգիայի մեծածախ շուկային: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի արտադրության սպասարկման դեպարտամենտի ներկայացուցիչ Հովիկ Աղաբալյանը դեռ ծանոթանում է ծրագրին.

«Իմ կարծիքով՝ մենք փետրվարի 1–ից արդեն պատրաստ կլինենք։ Այս պահին ծրագրի հետ ենք ծանոթանում, թե ինչպես ենք հետո  աշխատելու։ Հոսանքի էժան լինելը կախված է շուկայից, ոչ թե նրանից՝ կայանը մոտ է գտնվում, թե ոչ»։

Շուկայի ազատականացումը, ըստ փորձագետների, էներգետիկ համակարգում առնվազն երկու հիմնական հարց է լուծելու։ Առաջինը կարևոր է սպառողի համար՝ արտադրող կայանները կսկսեն մրցակցել ու սակագին իջեցնել։ Երկրորդը  կարևոր է Հայաստանի համար․մեր երկիրը կարող է  նոր դեր ստանձնել տարածաշրջանային էներգետիկ առևտրում: Այժմ, երբ միայն Վրաստանի հետ բարտեր ունենք, Իրանի հետ աշխատում ենք «Գազ՝ հոսանքի դիմաց» բանաձևով, էներգետիկ օպերատորի վիճակագրությամբ, երկրի ոչ արտադրական ամբողջ հզորությունն է օգտագործվում, ոչ էլ տեղափոխող բարձրավոլտ ցանցինը: «Հաշվարկային կենտրոն» ընկերության գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծում է․

«Գնում ենք դեպի մեկ գնորդ-մեկ վաճառող մոդելի վերացման։ Հետևաբար` մենաշնորհը վերացնելուն ենք գնում։ Շուկան աստիճանաբար ենք ազատականցանում, որպեսզի խուսափենք ավելորդ ռիսկերից»։

Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ ռեֆորմի առաջնային նպատակը արդյունաբերական ձեռնարկություններին օգնելն է՝ նոր մատակարարների առաջարկած ավելի էժան էլեկտրաէներգիա գնելու հնարավորություն նրանց տալով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն