Հնդկաստանում կորոնավիրուսից ավելի քան 850 մարդ է մահացել անցած օրվա ընթացքում, դրանով իսկ այդ հիվանդությունից մահացածների թիվը երկրում գերազանցել է 400 հազարը: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը։

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է մնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել է կորոնավիրուսի համաճարակը, Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 30,4 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 29,5 միլիոն մարդ, մահացել է 400,3 հազարից ավելին, իսկ բուժում ստացողների թիվը նվազել է՝ հասնելով 509,6 հազար մարդու:

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Հնդկաստանում սկսվել է այս տարվա փետրվարի վերջին, իսկ ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 17-ը հիվանդության նոր դեպքերի թիվն օրական գերազանցել է 300 հազարը՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկրում, եւ հինգ անգամ կազմել է ավելի քան 400 հազար: Կորոնավիրուսի դեմ բուժում ստացածների առավելագույն թիվը համավարակի երկրորդ ալիքի ժամանակ կազմել է ավելի քան 3,7 միլիոն:

Առողջապահության նախարարությունը նաեւ նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացածների թիվը: COVID-19-ի դեմ պատվաստում է ստացել 340 միլիոնից ավելի մարդ կամ երկրի բնակչության գրեթե 24 տոկոսը, նրանցից պատվաստանյութի երկու չափաբաժիններն ստացել է 61,7 մլն քաղաքացի կամ բնակչության գրեթե 5 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն