Արտահանողները դոլարի արժեզրկումը կանխելու քայլեր են ակնկալում ԿԲ-ից
Արտարժույթի կտրուկ տատանումների հետևանքով գյուղմթերք արտահանողները կանգնել են լուրջ խնդիրների առաջ․ խնդիրի ու դրա հետևանքների մասին խոսել են «Դոլարի արժեզրկման հետևանքները՝ գյուղատնտեսության և գինեգործության վրա» թեմայով «Մանթաշյանց» գործարարների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ։
Արտադրողներն ու արտահանողներն ակնկալում են ԿԲ-ի միջամտությունը՝ չհամաձայնելով գլխավոր դրամատան նախագահի այն հիմնավորմանը, թե դոլարի արհեստական արժեզրկումը նոր գնաճի կհանգեցնի։
Դոլարի անկումը լուրջ խնդիրներ է առաջացրել արտահանողների շրջանում, հատկապես եվրոպական ուղղությամբ արտահանումների դեպքում։ Գինու արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Նոա օֆ Արենի ՍՊԸ» համասեփականատեր և տնօրեն Արսեն Մկրտչյանը նոր այգիներ է հիմնել, նոր գործարան է կառուցում, ներդրումներ է արել, ընդլայնել բիզնեսը, սակայն արտարժույթի տատանումների հետևանքով այժմ անորոշության մեջ է։
«Երբ ստեղծեցինք մեր բիզնեսը, միտված էինք դեպի դրսի շուկա։ Հիմք ընդունելով ԿԲ կողմից տրվող տարեկան արտարժույթների փոխարժեքների սահմանումները՝ մեզ համար հիմք ընդունեցինք դոլարի 480-490-ի սահմաններում փոխարժեքը։ Դոլարի 420 դրամ փոխարժեքի պայմաններում բյուջետային ու ներդրումային բոլոր ծրագրերը դադարել են, քանի որ 15 տոկոս անկումը մեզ խնդիրների առաջ է կանգնեցրել»։
«Դոլարի ցածր փոխարժեքի պայմաններում դժվար է նաեւ գին փոխել, դրսում չեն հասկանա»,-ասում է գործարարը և հավելում՝ ԿԲ-ն այս իրավիճակում պետք է սատարի գործարարներին, հատկապես արտահանողներին։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին հստակեցրել էր՝ եթե ԿԲ-ն դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա կբախվենք գնաճի նոր ալիքի։
«Արտահանող ճյուղի հետ կապված չեմ բացառում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժեւորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել որոշ ընկերությունների համար։ Բայց էական է այն հարցը թե ոնց ենք լուծելու այս խնդիրը։ Լուծման մի տարբերակը, որ առաջարկվում էր, արհեստականորեն դրամի արժեքը արժեզրկելն է։ Այդպես վարվելու դեպքում մենք ստեղծելու են գնաճային մի նոր, գնաճային ավելի վատ իրավիճակ,որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ արտահանողներին»։
«Նոա օֆ Արենի» ընկերության համասեփականատեր և տնօրեն Արսեն Մկրտչյանին անհասկանալի է ԿԲ նախագահի այս հիմնավորումը։
«Եթե արտահանող ասելով՝ նկատի ունեն ինձ ու իմ ընտանիքը, որ կարող է վնաս կրել առաջին օգտագործման ապրանքների գների բարձրացումից, ապա ասեմ, որ դա այնքան փոքր գումար է համեմատած այն գումարների հետ, որոնք կորցնում ենք կորպորատիվ մակարդակում»։
«Եվրոթերմ ՓԲԸ» տնօրեն Վահե Ղազարյանը դոլարը դիտարկում է որպես ապրանք, որն այնքան շատ է լցվել Հայաստան, որ արժեքն իջել է։ Դա պայմանավորված է նաեւ ռուսների Հայաստան այցերով՝ ասում է։ ԿԲ նախագահի պարզաբանման հետ նա եւս համամիտ չէ, ԿԲ-ն կարող է այլ լուծում գտնել, արտահանողներին օգնելու համար։
Եթե ԿԲ-ն իջեցնի դոլարի փոխարժեքը,ազդեցությունը կարճաժամկետ է լինելու՝ ասում է «Եվրոթերմ ՓԲԸ» տնօրեն Վահե Ղազարյանը։ Նրա կարծիքով՝ այլ լուծումներ են հարկավոր։
«ԿԲ-ն հասկանում է, որ եթե ազդի էլ, կարճաժամկետ է լինելու այդ ազդեցությունը։ Պետք է հասկանալ, թե ինչ անել, որ դոլարն այսպես չլցվի շուկա, այլ ուղղություններով ծախսվի»։
Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական շուկան անկայուն է արտահանողների համար, վերջինները նախընտրում են եվրոպական շուկաները ու մեծ վնասներ կրում դոլարի մեծ արժեզրկումից։ Դոլարի արժեզրկումը նաեւ լոգիստիկ խնդիրներ է առաջացրել՝ ասում է գինի արտադրող ու արտահանող ընկերության տնօրենը։
Գյուղմթերքի արտահանման հարցում բարդությունները կրկնապատկվում են անցակետերում խոչընդոտների պատճառով՝ ասում է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Մինչ խաղողի հասնելը ծիրանի մասին պետք է մտածել՝ նշում է։
«Ծիրանը երկար չի սպասում։ Այս պահին պետք է կարգավորված լինեին հարցերը, որպեսզի ծիրանով բեռնված մեքենաները արագ անցնեին Լարսի անցակետը։ Սակայն խնդիրը կա ու լինելու է»։
Եթե վիճակը չշտկվի, «Եվրոթերմ ՓԲԸ» տնօրեն Վահե Ղազարյանը ստիպված կլինի դոլարային վարկերը մարել, իսկ դրամով վարկ վերցրած արտահանողները դոլարի արժեզրկման պայմաններում անգամ դա չեն կարող անել, ասում է գործարարը։