Երազանքն իրականացնել հայրենիքում․ աշխարհահռչակ դիրիժոր Ունջյանը տպավորված է ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատանքով
Մոտ քսանհինգ տարվա դադարից հետո հայրենիքում է աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանը։ Նա հանդես կգա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։ Ունջյանը, 14 տարի լինելով Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը, այսօր նաև պատվավոր դիրիժորը, ճանաչվել է Տորոնտոյի ստեղծագործական շարժիչ ուժը: Այժմ Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է: Այս համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆին։ Ծրագրում կհնչի սիմֆոնիկ երգացանկի ամենագեղեցիկ և նշանակալից ստեղծագործություններից՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը:
Մագնիսական ձգողություն, հզոր մեկնաբանություն, կատարյալ տեխնիկա, ամեն ելույթը՝ վառ իրադարձություն։ Այսպես են բնութագրում միջազգային մամուլն ու հեղինակավոր երաժշտաքննադատները աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանին։ 25 տարի տարվա դադարից հետո Ունջյանը Երևանում է։
Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում վերջին փորձերն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Աշխարհահռչակ դիրիժորը տպավորված է։ Հաճելիորեն զարմացնում է իր հետ աշխատելու նվագախմբի պատրաստակամությունը։
«Մեծ հպարտություն եմ զգում, երբ տեսնում եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է, հրաշալի նվագախումբ ունենք»։
Հայրենիքում համերգով հանդես գալու գաղափարը մտերիմ ընկեր հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆիինն է․
«ContourGlobal կազմակերպության տնօրենը Մքդաֆիի ընկերն է, նա առաջարկել է Ռոբերտին ելույթ ունենալ Հայաստանում։ Ընկերս համաձայնել է՝ պայմանով, որ համերգը ես ղեկավարեմ։ Միմյանց ճանաչում ենք 1976 թ–ից,երբ սովորում էինք Ջուլիարդի դպրոցում»։
Համերգին հնչելու են սիմֆոնիկ երգացանկի ամենագեղեցիկ և հայտնի ստեղծագործություններից Դվորժակի 9-րդ սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը: Դիրիժորը խոստովանում է՝ դեռ տարիներ առաջ երազում էր Բրամս կատարել Մքդաֆիի հետ։ Աշխարհահռչակ ջութակահարն էլ նկատում է՝ Ունջյանի շնորհիվ այս ստեղծագործությունը այլ տեսանկյունից է բացահայտել։ Ջութակահար Ռոբերտ Մքդաֆի․
«Այս գործը կատարել եմ 40 տարի առաջ,երբ երիտասարդ էի, այն ժամանակ գուցե այդքան հասուն չէի ու այնքան էլ լուրջ չէի վերաբերվում ստեղծագործությանը, բայց հայաստանյան համերգի համար որոշեցի վերցնել այս գործը։ Կարծում եմ՝ արդեն հասունացել եմ այս ստեղծագործության մեկնաբանման համար»։
«Շատ բարդ և նուրբ հարց է. հանդիսատեսին հարկավոր է նրբորեն պատրաստել մինչև նոր երաժշտություն մատուցելը։ Սա ի պատասխան հարցի՝ արդյոք Ունջյանին հաջողվո՞ւմ է նվագացանկում ընդգրկել հայ կոմպոզիտորների․
«Դասականն այսօր այնքան էլ պահանջված չէ, ի տարբերություն «System of a Down»-ի, որը 4 հոգով կարող է մարզադաշտեր լցնել։
Որքանո՞վ է համաշխարհային համբավին օգնել կամ խանգարել Ունջյանի հայ լինելը․
«Երբեք չեմ մտածել այդ մասին, դու այն ես՝ ինչ կաս, չեմ մտածել, որ հայ լինելու համար պետք է արդարանալ։ Պատմական հայրենիք՝ Հայաստան ոտք դնելիս, զգում է նույնը, ինչ 25 տարի առաջ, բայց հիասքանչ տարբերություն կա։ 25 տարի առաջ այն դեռ սովետական երկիր էր, իսկ հիմա եվրոպական երկրի տպավորություն է թողնում»։
Համերգը Երեւանում հունիսի 17-ին է՝ Արամ Խաչատրյան համերգասրահում և հունիսի 18–ին Գյումրիում։