ՄԵՆՔ ԴԵՄ ՉԵՆՔ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ. ՊՈՒՏԻՆ

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հայտին Եվրահանձնաժողովի դրական արձագանքին.

«ԵՄ-ն, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ռազմական կազմակերպություն չէ, ուստի մենք դեմ չենք Միությանն Ուկրաինայի անդամակցությանը: Դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է», - ասել է Դաշնության նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ընթացքում:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի հատուկ գործողության բոլոր խնդիրները կյանքի կկոչվեն:

«Ուկրաինացի ժողովուրդը տաղանդավոր է, մեծ ներուժ ունի, վաղ թե ուշ այնտեղ իրավիճակը կկարգավորվի, մեր միջև հարաբերությունների բարելավումն անխուսափելի է», - եզրափակել է Պուտինը:

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ Կիևը կարող է վերսկսել Մոսկվայի հետ երկխոսությունն օգոստոսի վերջին:

Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, երբ Ուկրաինան ամրապնդի իր դիրքերը ռազմաճակատում:

«Չենք ցանկանում մեր ծրագրերի մասին նախապես խոսել, քանի որ ռուսական կողմը կարող է օգտագործել այդ տվյալները: Բայց կարծում եմ՝ որոշ հատվածներում հակահարձակում կիրականացնենք», - մանրամասնել է Արախամիան։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ չի բացառել ռուս-ուկրաինական երկխոսության վերսկսումը, սակայն նրա համոզմամբ՝ Կիևը դեռևս ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ԿՈՐՑՐԵԼ Է ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՐԵԹԵ ԿԵՍԸ. ԿԱՐՊԵՆԿՈ

Ուկրաինայի Զինված ուժերը մարտերի ընթացքում կորցրել է զինտեխնիկայի գրեթե կեսը՝ հայտարարել է պաշտպանության փոխնախարարը։

«Խոսքը միայն ծանր սպառազինության մասին է՝ մոտ 1300 հետևակի մարտական մեքենա, 400 տանկ, հրետանային 700 համակարգ», - մանրամասնել է Վոլոդիմիր Կարպենկոն:

Նրա խոսքով՝ Արևմուտքի մատակարարումները ծածկում են Ուկրաինայի ռազմական կարիքների ընդամենը 15%-ը։

Ավելի վաղ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ Դոնբասում օրական մինչև 1000 ուկրաինացի զինվոր է զոհվում կամ վիրավորվում։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը, իր հերթին, կոչ է արել կորուստների մասին սխալ հայտարարություններ չանել:

«Նման տվյալներ ներկայացնող քաղաքական գործիչներն այդ տեղեկատվությունը ստանալու հնարավորություն չունեն։ Սա կրկես չէ, խոսքը մարդկային կյանքերի մասին է», - մտահոգություն է հայտնել Օլեքսի Դանիլովը:

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԼՈՆԴՈՆՈՒՄ՝ ԱՃՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՖՈՆԻՆ

Հազարավոր մարդիկ փակել են Լոնդոնի կենտրոնական փողոցները. մեծ Բրիտանիայում աճող տնտեսական ճգնաժամի ֆոնին ցուցարարները Բորիս Ջոնսոնի կառավարությունից պահանջում են վճռական միջոցներ ձեռնարկել բնակչությանն աջակցելու համար կամ հրաժարական տալ:

Լրատվամիջոցների տվյալով՝ բողոքի ակցիային մասնակցել են հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Անժելա Ռեյները։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ Միացյալ Թագավորությունում աշխատավարձերն անփոփոխ են մնացել գրեթե 15 տարի՝ չնայած երկրում նկատելի գնաճին: Փորձագետները նշում են՝ համավարակի և ուկրաինական ճգնաժամի պայմաններում Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը կազմել է 9%. դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարում։

ՍԱՍՏԻԿ ՇՈԳ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Անոմալ շոգի պատճառով Ֆրանսիայի տարբեր շրջաններում արգելվել են բացօթյա զանգվածային միջոցառումները։ BBC-ի տվյալով՝ չի թույլատրվում նաև համերգներ և զանգվածային այլ հավաքույթներ անցկացնել օդափոխման համակարգերով չհագեցած տարածքներում: Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ սպառման մեծ ծավալների պատճառով երկիրն արդեն ստիպված է էլեկտրաէներգիա ներմուծել հարևան պետություններից։ Այս շաբաթ Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի։

Շոգ եղանակ է գրանցվել նաև Իսպանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում: Իսպանիայի որոշ հատվածներում մի քանի օր շարունակ մոլեգնում են անվերահսկելի անտառային հրդեհները: Գիտնականների համոզմամբ՝ պատճառը գլոբալ տաքացումն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն