Երեւանում կայացել է Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան
«Մոսկվա» կինոթատրոնում երեկ՝ հունիսի 18-ին, կայացել է ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ 60 րոպե տեւողությամբ վավերագրական այս ֆիլմում ռեժիսորն առանց խոսքերի՝ բնության ամենատարբեր երեւույթների պատկերների միջոցով փոխացում է մեզ շրջապատող աշխարհի տիեզերական ուժը։ Ֆիլմում բառերին փոխարինում է երաժշտությունը՝ Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի ու Համասյանի հնչյուններով։
«Բնություն» ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ։ Վավերագրության առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2020 թ-ին՝ Փարիզում։ Փելեշյանը ֆիլմի շուրջ աշխատել է 15 տարի։
«Ինձ առաջարկեցին անել ֆիլմ բնության աղետների մասին, նրանք տեսել էին իմ ֆիլմը տիեզերքի մասին, որտեղ տեխնիկական կատաստրոֆաներ էին, եւ ուզում էին՝ նմանատիպ մի ֆիլմ ստեղծվեր, եւ մենք այն արեցինք։ Ֆիլմի շուրջ սկսեցինք աշխատել Փարիզում․․․»,-ասում է ռեժիսորը։ Փելեշյանի խոսքով՝ «Այն, ինչ տեսնում ենք ֆիլմում, լսում ենք, այն, ինչ լսում ենք, տեսնում ենք»։
«Բնությունն» արդեն ցուցադրվել է աշխարհի մի շարք վայրերում՝ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում եւ Հարավային Կորեայում։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որն անցել է բազմամարդ դահլիճում, հնարավոր է դարձել «Հայաստան համահայակական հիմնադրամի» եւ «ArLeAM» ընկերության շնորհիվ։