«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենն Արցախում հետևել է կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող շինաշխատանքների ընթացքին
Արցախում իրականացվող մի շարք բնակարանաշինական նախագծեր կյանքի են կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։
Նախորդ շաբաթվա ընթացքում հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ հետևելու հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Վերջինս Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ միասին շրջայցեր է կատարել հանրապետության տարբեր շինհրապարակներ, ծանոթացել կատարված աշխատանքներին և դրանց որակին։
Շրջայցերի ընթացքում, կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղում նշվել են կատարված շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված որոշակի թերացումներ, դրանք շտկելու ուղղությամբ տրվել ցուցումներ։
Հատուկ ընդգծվել է, որ իրականացվող աշխատանքների տեմպը պետք է համապատասխանի պայմանագրով նշված ժամկետներին, քանի որ այդ առումով որոշ դեպքերում արդյունքները բավարար չեն։