Լոռու Մոտկորի տարածաշրջանի Մարց բնակավայրում ոսկի-բազմամետաղային հանքավայր շահագործելու նպատակով  «Էմ Ջի Փի Ռեսուսիս» ընկերությունը հանրային լսում էր նախաձեռնել։ Ընկերության ներկայացուցիչներին, սակայն, Մարցում այնքան էլ բարեհաճ չընդունեցին: Հանքավայրի հեռանկարը Մոտկորի տարածաշրջանի բնակիչներին չի ոգևորել։ Բնակիչները միակամ լքեցին դահլիճը։ Ընկերության ներկայացուցիչները հեռացան գյուղից՝ խոստանալով այլևս չվերադառնալ։

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում հանրային լսումներ հրավիրած «Էմ Ջի Փի Ռեսուրսիս» ընկերության ներկայացուցիչներին այդպես էլ ոչ ոք չլսեց: Մարցեցիները միաբերան պնդեցին՝ չեն ուզում զրկվել իրենց գլխավոր հարստություն բնությունից ու հորդորեցին ընկերության նրան մոռանալ Մարցի ճամփան:

«Հանքերի ողջ հարստությունը գնում է հենց հանքահեններին, իսկ ժողովուրդն էդ հանքերում աշխատող բանվոր է, ճորտ է, ստրուկ է, որոշեք ինչ է», -ասում է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի նախագահ, Դավիթ Մաթևոսյանը՝ Մոտկորի Ահնիձոր գյուղում ծնված նշանավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի որդին:



«Տեսեք տասնամյակներով Հայաստանում գործած բոլոր հանքերը, տեսեք էդ հանքերին կից ապրող ժողովրդի ճակատագիրը, հենց ձեր հարևանությամբ Շամլուղը տեսե՛ք, Ախթալան, Թեղուտը, իջե՛ք Զանգեզուր, տեսե՛ք Քաջարանը ինչ վիճակում է, Կապանը: Մեզ տնավեր են անում և մեր երկրից հեռացնում նաև հանքերի միջոցով: Ավելի մեծ բրենդ, քան Մոտկորը,  Թումանյանը, Մաթևոսյանը Հայաստանը չունի, կներեք, բայց մեզ հանք պետք չի»:

Մաթևոսյանի խոսքից հետո մարցեցիները լքեցին դահլիճը՝ ցույց տալով, որ դեմ են հանքի բացմանը։



 «Ամբողջը ավերակ ա լինելու, գյուղը վերանա»:

«Իհարկե դեմ ենք, մի 10 ձեռով-ոտով դեմ ենք»:

«1-2 հոգու աշխատատեղի համար ամբողջ բնությունն է փչացվում, օդն ա աղտոտվում,  մեր  երերեխաներն են առողջությունից զրկվելու, առանց այդ էլ լքում են գյուղը, հանքն էլ բացվեց, ավելի շատ կգնան, հիմա հող ու ջուրն է պահում էստեղ»:



Դահլիճում մնացած հատուկենտ մարդիկ, որոնք, մարցեցիների խոսքով գյուղից չէին, ասում են, որ կողմ են հանքին: Շրջել են երկրի բոլոր հանքարդյունաբերական վայրերում ու դրականն արձանագրել. «Որ նայում ես՝մարդիկ աշխատում են, պետբյուջե փող ա մտնում արդեն կողմ ես եղնում էլի»:

Տեսել ենք՝մյուս գյուղերում բացված հանքերով ոնց են գյուղերը զարգացել՝ մատնացույց անցելով մարզի մյուս հանքավայրերը՝ վրդովմունքը չի կարողանում զսպել Մարցի բնակիչ Արմինե Բալայանը: Նույն վիճակի առաջ գյուղը կանգնեց ՀԷԿ-երի կառուցման ժամանակ, -ասում է, իսկ այսօր գետից բան չի մնացել:



«Դուք ձեր անձնականի համար եք պայքարում, իսկ մենք հանրայինի, ուղղակի ձեր մտքով չպիտի անցներ, չեք մտածել, որ մի ամբողջ ժողովուրդ ոտի կկանգնի: Այլ ճանապարհների չեք դիմի երևի, որովհետև ՀԷԿ-երը մեծ հավեսով աշխատեցին՝ մեր ժողովրդին խաբելով, ջուրը պակասեց, հողերը մնացին չոր»։

2022-ին հիմնադրված «Էմ Ջի Փի Ռեսուրսիս» ընկերության փորձագետ Գուրգեն Հակոբյանը անտառածածկ բարձրադիր լանդշաֆտի համայնապատկերն է ցույց տալիս.այս ամենը պահպանվելու էր՝ասում է, լավ բաներ էինք անելու, կորցրին իրենց շանսը: Լավ առաջարկներով էինք Մարց եկել, ափսոս՝ չլսեցին՝ երկրաբան Մկրտիչ Կարապետյանն է շարունակում։



Հանքը փակ եղանակով ու նորագույն տեխնոլոգիաներով էր շահագործվելու՝ նվազեցնելով բնության վնասները, զբոսաշրջությանն ու գյուղի զարգացման այլ հեռանկարներին էլ դեմ չէին, ժամանակի ընթացքում կաջակցեին գյուղին:

«Էմ Ջի Փի Ռեսուրսիս» ընկերության ներկայացուցիչ ՄկրտիչԿարապետյան.

«Մենք էլ ենք հասկանում, որ բնությունը չի կարելի փչացնել, դրա համար փակ եղանակով էր լինելու, բայց դա 5 տարի հետո, որովհետև 5 տարի խորը ուսումնասիրություններ պետք է արվեին ու գումարներ ներդնեինք: Էդ գումարներից համայնքն էլ կարող էր օգտվել՝ հողի հարկ, աշխատատեղ: Հասկացանք՝ համայնքը չի ուզում, էլ մենք ոչ մի նպատակ չունենք»:



Տարածաշրջանում ցրված ուրանի պաշարների առկայության մասին են բարձր աձայնում մարցեցի Կամո Ամիրխանյանն ու Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Վերջինս գաղտնազերծված խորհրդային երկրաբանական քարտեզն է բացում.

«Ես հիշում եմ, որ Ծաղկունյաց ու Փամբակի լեռնաշղթաների էդ հատվածը ցրված ուրանի տարածքներն են: Սա գաղտնի պահվում էր ՍՍՀՄ արխիվներում: ՍՍՀՄ փլուզումից հետո՝ 2011 թվին, պրոֆեսոր Պետրոս Ալոյանը սա հրապարակեց իր գրքում: Ոչ միայն ոսկի, հիմնականում այստեղ կապարի, պղնձի և ցինկի, ծծմբի հանք է»:



Մարցի բնակիչ, Կամո Ամիրխանյան. «էն տարածքը, որտեղ պետք է էդ հանքադաշտը շահագործվեր, մեր ջրահավաք ավազանն է, ամբողջ էդ ծծմբային անձրևները գյուղ են թափվելու: Գյուղի որոշումը գիտակցված որոշում էր»:



Մարցի վարչական ղեկավար Արեն Ղազարյանը համագյուղացիների հետ է, համաձայն է՝ ինչ որոշեն: Գյուղի բնակիչների վկայություններով՝ ոսկու որոնման փորձեր գյուղում նախկինում էլ են եղել: Որոշ պաշարներ հայտնաբերվել են: Ինչպես նախկինում, այժմ էլ թույլ չեն տալու, որ գյուղում հանք բացվի. Բոլորը միակամ են։ Հանրային լսումների տապալման մասին արձանագրությունը վարչական ղեկավարի ստորագրությամբ առաջիկայում կներկայացվի համապատասխան կառույցներին։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն