Մինչ Բաքուն առիթ-անառիթ խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծված լինելու եւ դրա կարգավորման միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ավարտի մասին, դրան հակադրվում են ՄԽ անդամ բոլոր երեք երկրներն իրենց հերթին, նաեւ միջազգային ամենատարբեր հարթակներում հնչող հայտարարություններն են հակասում Ալիեւի հայտարարություններին։ Ստացվում է, որ բոլոր կարծիքներն այս մասով մի կողմում են, Բաքվի հայտարարածը՝ ճիշտ հակառակ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ ԵԱՀԿ ՄԽ–ի մասին

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի երեւանյան աշխատանքային այցն աչքի ընկավ առանցքային մի շեշտադրմամբ եւս՝   չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել գործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման: Պաշտոնական Մոսկվան արձագանքում է Վաշինգտոնին՝ ի դեմս Մարիա Զախարովայի։ «Ես կասկածում եմ  Դոնֆրդի հայտարարության անկեղծությանը․եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը,  չէին անտեսի բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը»։

«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով «եռյակի» աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել։ Այսօր էլ նման հայտարարություն են անում։ Ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել, և չկան երաշխիքներ, որ նման անպատասխանատու գործողությունը չի կրկնվի։ Ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի։ Ստիպված են հաշվի առնել նոր իրողությունները»։

Ըստ Զախարովայիի՝ հաշվարկ էր կատարվել մեկուսացնել ՌԴ–ին, բայց իրենք իրենց են մեկուսացրել Ռուսաստանից։ Արտաքին աշխարհը չի սահմանափակվում միայն Եվրատլանտիկայով․

«Ռուսական կողմը շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ։ Նա չի կարող թույլ տալ, որպեսզի որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խափանեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման առանց այդ էլ դժվարին ջանքերը։ Այսուհետ եւս կանենք մեզանից կախված ամեն ինչ պարտավորությունների եւ այն խնդիրների անվերապահ կատարման համար, որոնք գրանցվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»։

Սա Մոսկվայի արձագանքն է ԱՄՆ-ը հայտարարած հավատարմությանը  Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Փարիզի հայտարարությունը՝ խնդրի կարգավորման մասին

Ֆրանսիան եւս տարբեր առիթներով վերահաստատում է իր դերակատարումը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր։  Փարիզում Փաշինյանի հետ հանդիպմանը Մակրոնը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը հենց Մինսկի խմբի շրջանակում։  Ավելին՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ը հաջորդ հայտարարությամբ  վերահաստատեց Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու իր հավատարմությունը թե՛ երկկողմ հիմքով, թե՛ իբրև ԵՄ խորհրդի նախագահող ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող:

ՀՀ–ում էլ Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, անդրադառնալով Բաքվի թեզին, թե ղարաբաղյան հարց այլևս չկա, և թե Մինսկի խումբն արդեն անելիք չունի, խորհուրդ էր տվել՝  մեջբերում․ «Կխնդրեմ ուշադրություն դարձնել պարոն Մակրոնի պատասխանին, որտեղ նա վստահեցնում էր, որ, այո, խնդիր կա և այդ խնդրին դեռ պետք է լուծում տրվի»։

Վաշինգտոնը՝ ի դեմս փոխպետքարտուղարի ,վերհաստատում է հավատարմությունը ձևաչափին

Ադրբեջանի նախագահին հակադրվել է նաեւ ԱՄՆ փոխպետքարտուղարը։ Քերըն Դոնֆրիդը նկատել է՝ թեեւ Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահությանը, սակայն Միացյալ Նահանգներն աջակցում և մասնակցում է ու կշարունակի մասնակցել գործընթացին։ ԱՄՆ փոխպետքարտուղարը տեղեկացնում է՝ Մինսկի խմբի թեման բարձրացրել է նաև Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպմանը։   

Բաքվի՝ հեգնանքը  ՄԽ—Ին․ «Ուղարկել թոշակի»

Որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ եւ ենթակա է կարգավորման միջնորդական միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով՝ շեշտում են ՄԽ անդամ բոլոր 3 երկրներն ու Հայաստանը։ Նաեւ միջազգային ամենատարբեր հարթակներում է սա շեշտվում։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հակառակն է պնդում, անգամ հեգնանքով խոսում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի մասին՝ նրանց ուղարկելով թոշակի։

«Եթե կողմերից մեկն ասում է՝  հակամարտությունը լուծված է,  նշանակում է՝ այլևս տեղ չկա միջնորդության համար, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց»։

Երևանի պնդումը

Պաշտոնական Երևանը, օգտագործելով դիվանագիտական ու քաղաքական բոլոր հարթակներն ու հանդիպումները, հայտարարում է՝ չնայած Բաքվի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի դիրքորոշումը,  որ հակամարտությունը մնում է չլուծված և պետք է համապարփակ կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի  մանդատով՝ բանակցությունների միջոցով»: 

Փորձագիտական կարծիքը՝ ԵԱՀԿ ՄԽ վերականգնման հավանականության վերաբերյալ

Ըստ փորձագետների՝ եվրոպական կառույցները՝ ԵՄ-ն կամ ԵԽ-ն, չեն կարող կարգավորել ԼՂ հակամարտությունը, այդ գործով պետք է զբաղվի մանդատ ունեցող այդ կառույցը: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորում է ՄԽ ձևաչափը, սակայն գործնականում խնդիր է տեսնում, քանի որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է «ֆորմատի չգոյության» մասին։ 

«ԱՄՆ–ն ռուս–ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ Արևմուտքը մեծ հաշվով վարում է Ռուսաստանի տոտալ մեկուսացման քաղաքականություն, այնուամենայնիվ, պատրաստակամություն է հայտնում համագործակցել ՌԴ–ի հետ Լեռնային Ղարաբաղի հարցում, որը միակն է, որ ԱՄՆ հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնում համագործակցել։ Զախարովային մեկնաբանությունները փորձում են ԵԱՀԿ ՄԽ–ի դե ֆակտո «չգոյություն» մեղքը դնել Նահանգների վրա, իմիջային տեսանկյունից հարված հասցնել ԱՄՆ–ին՝ Հայաստանում, ռուսները լավ հասկանում են, որ այս ձևաչափը Հայաստանում կարևորում են»։

– Հավանական է, որ հարթակը ուկրաինական պատերազմից հետո վերականգնվի՝ չնայած Ալիևի կողմից արված հայտարարությունների

– Կարծում եմ, հնարավոր է որոշակի ակտիվացում, եթե ինչ–որ լուծումներ գտնվեն ՌԴ-Արևմուտք հարաբերություներում։ Սակայն չեմ կարծում, որ այդ ձևաչափը լինելու է միջորդական միակ ձևաչափը այս հարցում։

Ըստ փորձագետի՝ ուկրաինական պատերազմից հետո կրկին մեծանալու է դերը միջնորդության հարցում, ԵՄ–ն ևս շարունակելու է իր ջանքերը։ Իսկ ինչու է արցախյան խնդրի համար կարևոր այս ձևաչափը՝ Գրիգորյանը բացատրում է, Լեռնային Ղարաբաղի կարգավորման բոլոր սկզբունքները պետք է իրացվեն այդ ձևաչափում, քանի որ քաղաքական կարգավորման մանդատ ունի միայն ՄԽ–ը։ Այս ձևաչափն ունի տասնամյակներով ձևավորված սկզբունքներ, և տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ բանակցային գործընթացում ինստիտուցիոնալ հիշողություն և փորձ չունեցող դերակատարն են սկսում զբաղվել բանակցությամբ՝ ասում է քաղաքագետ Գրիգորյանը և որպես օրինակ նշում Շառլ Միշելի հայտարարությունը․ «ՄԽ–ի պարագայում նման խնդիրներ չեն կարող լինել»։

Ստացվում է, որ ԵԱՀԿ ՄԽ գոյության եւ դերակատարման մասով միջազգային ու փորձագիտական բոլոր կարծիքներն այս մասով մի կողմում են, Բաքվի հայտարարածը՝ ճիշտ հակառակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն