Շուտով Մոսկվայի բորսայում գործարքներ կիրականացվեն  հայկական դրամով։ Ազգային արժույթի նկատմամբ հետաքրքրության մեծացումը  փորձագետները պայմանավորում են ռուսական իրողություններով՝ բորսայական գործարքները մի քանի անգամ նվազել են, ՌԴ–ն եկամտի նոր աղբյուրներ է փնտրում, իսկ հայկական դրամն այս առումով հուսալի է։  Մասնագետները  նաև նկատում են, որ բորսայական գործարքները  փոքր–ինչ կթուլացնեն Հայաստանի արժութային շուկայի   լարվածությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում  կայունացնեն դրամի դիրքերը։

Ի՞նչ կտա Հայաստանի ֆինանսական շուկային Մոսկվայի բորսայում հայկական դրամի սակարկությունը։ Փորձագետները ասում են՝ այս պահին դեռ ոչինչ, հետագայում հնարավոր է ռուբլի–դրամ փոխարկման հիմք դառնա։  Իսկ հարցն այս պահին արդիական է, քանի որ մոսկովյան ֆինանսական շուկան եկամտի նոր աղբյուրներ է փնտրում՝ փորձելով դիվերսիֆիկացնել դրանք։  Ամերիկյան ու արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված՝ դոլար-ռուբլի առեւտրի միջին օրական ծավալը, ըստ Մոսկվայի բորսայի  հաշվարկների, 2022 թվականի ապրիլին կազմել է 81,5 միլիարդ ռուբլի, մինչդեռ 2021 թվականի ապրիլին 242,9 միլիարդ ռուբլի էր: Կտրուկ անկումը պայմանավորված է ոչ ռեզիդենտների համար ռուսաստանյան արժեթղթերով գործարքների արգելքով։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ քաղաքացին սրա ազդեցությունն ուղղակիորեն չի զգա, փոխարենը դրամը կուժեղանա։

«Բայց սա միանշանակ դրական գործընթաց է, քանի որ արտաքին շուկաներում սկսվում է հայկական դրամի իրացվելիության ձևավորման գործընթաց։ Այսինքն՝ երբ Հայաստանից դուրս դրամով որոշակի առևտուր, շրջանառություն  է տեղի ունենում, դրամի գնանշում է տեղի ունենում։ Իսկ դա նշանակում է, որ հնարավոր կլինի արդյունավետ գնով ձեռք բերել դրամը, կոնկրետ այս դեպքում ռուսական շուկայում ձևավորում է դրամային  գործարքների ակտիվություն և ապագայում որոշակի հեռանկարներ է բացում արտաքին շուկաներում դրամային գործարքների համար»։

Ռուս ներմուծողները Հայաստանից դրամով գնումներ կատարելիս Մոսկվայի բորսայում համապատասխան գնանշումների առկայության դեպքում կարող  են  դրամ ձեռք բերել՝ արդյունավետ գնով։ Այժմ գործընթացն այլ է՝ բացատրում  է Նարեկ Կարապետյանը․

«Այժմ այն ձեռք բերելու դեպքում ռուսական և  հայկական բանկերի միջև համապատասխան պայմանավորվածություններ  ու գործարքներ են պետք, ինչը, բնականաբար, արդյունավետ մոտեցում չէ, գնանշումները արդյունավետ չեն կարող լինել։ Սակայն, եթե իրենց շուկայում համապատասխան առևտուր է իրականացվում, ձևավորվում է շուկայի արդյունավետ գին, այդ դեպքում արդեն հնարավոր է  դրամով արդյունավետ գործարքների իրականացման խթաններ լինեն»։

Ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները սկսել է կատարել ռուբլով։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հստակեցրել էր՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով։ Արդյո՞ք սա նշանակում է, որ տարեվերջին Հայաստանը պահուստավորված ավելի շատ դոլար կունենա։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն ընդգծում է՝ դրամի՝ այլ արտարժույթների նկատմամբ միջին փոխարժեքները ձևավորվում են դրամ– այլ արժույթներ շուկայում։ Կարևոր է, որ երկու երկրների ֆինանսական ուղիղ շուկա ձևավորվի՝ ասում է։

«Մենք մեծ առևտուր ու դրամական փոխանցումներ ունենք ՌԴ–ի հետ, դրանց կեսից ավելին  հենց  ռուսական ռուբլով է իրականացվում։ Կարևոր է, որ ձևավորվի առանձին՝ ՀՀ դրամ –ռուբլի շուկան՝ առանց կրոս փոխարկումների, որը իրացվելիություն կապահովի ներքին շուկայում։ Որքան այդ իրացվելիությունը մեծ լինի, այնքան ավելի լավ տնտեսվարողների համար»։

Տարեցտարի ՀՆԱ–ի կշռում տրանսֆերտների ծավալը նվազում է։  Եթե նախկինում  ՀՆԱ-ում փոխանցումները 10-15 տոկոս էին կազմում, այսօր այդ ցուցանիշը 7-8 տոկոսի միջակայքում  է։ Նվազել են հատկապես  ՌԴ-ից եկող տրանսֆերտները․ եթե նախկինում դրանք ընդհանուրի 80, ապա այժմ 40 տոկոսն են կազմում։  Ըստ վիճակագրության ՝ 2022թ.-ի ապրիլին Հայաստանի  առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք շուրջ 358 մլն դոլարի չափով դրամական փոխանցումներ են ստացել, ինչը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից  ավելի է  2020–ինից ՝գրեթե 4 անգամ: Կենտրոնական բանկի՝ 2022թ.-ի ապրիլ ամսվա դրամական փոխանցումների վերաբերյալ վիճակագրությունում նշվում է, որ ընթացիկ տարվա ապրիլին Ռուսաստանից Հայաստան ներհոսքը կազմել է 232.6 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ ամսվա ցուցանիշից  ավելի է 2 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 3.7 անգամ: Ապրիլին  Հայաստան ներհոսքի ընդհանուր ծավալում Ռուսաստանին բաժին է ընկել շուրջ 65% տեսակարար կշիռ:

Բորսայական փոխանցումներով ֆիզիկական անձինք չեն կարողանա փոխարկումներ անել, բայց  Մոսկվայի բորսայում հայկական դրամով գործարքները  ռուսական բանկերի համար կարող են հիմք ստեղծել ՌԴ–ում աշխատող քաղաքացիներ  համար փոխարկումը տեղում իրականացնելու՝ կարծում են փորձագիտական դաշտում։  Նարեկ Կարապետյանն ընդգծում է․

«Բորսաներում  հասանելիություն են ունենում խոշոր խաղացողները, սակայն, անհատները ևս որոշակի սահմանաչափի միջնորդավճարների դեպքում կարող են հասանելիություն ունենալ, դրամ գնել, բայց շարքային քաղաքացիների համար այն հասանելի չի լինելու, փոխարենը, եթե դրամային իրացվելիություն է ձևավորում բորսայում, դա ռուսական բանկերին հնարավորություն է տալիս ցանկացած պահի արդյունավետ գնով դրամ ձեռք բերել ու, եթե պահանջարկ լինի հայկական դրամի նկատմամբ, բանկերը ևս կարող են դրամ գնել ու վաճառել քաղաքացիներին»։

Փորձագետները նաև կարծում են, որ  հաջորդ երկուշաբթի օրվանից Մոսկվայի բորսայում հայկական դրամի սակարկությունները փոքր–ինչ կթուլացնեն  Հայաստանի արժութային շուկայի   լարվածությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում  ավելի կայուն կդարձնեն  ազգային արժույթը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն