Մեկնարկել է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը կազմակերպել է ստարտափերի աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Orion Worldwide Innovations»-ը: «Օրիոնը» ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտքի հնարավորություններ, բարելավում հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները։ Նախորդ տարի «Օրիոնի» միջոցով 27 միլիոն դոլարի ներդրում է արվել, այս տարի նախատեսում են կրկնապատկել թիվը։ Գագաթնաժողովում հինգ պանելային քննարկումների առանցքում հայկական «միաեղջյուր» (unicorn) ընկերություններն են, ինչպես նաև ստարտափների աճի, աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերը։ Ավարտին կհայտարարվի Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի)՝ որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության մեկնարկը։ Գագաթնաժողովի այս տարվա կարգախոսն է՝ «Միաեղջյուրները դիրքավորում են Հայաստանը»։

200 մասնակից, 8 ստարտափ, 5 պանելային քննարկում. Orion Summit 2022-ի թվային բաղադրությունն է։  2017 թ. ԱՄՆ-ում հիմնադրված ընկերությունը, որը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, գործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ներդրումային ցանցերի հետ: Նախորդ տարի «Օրիոնի» միջոցով 27 միլիոն դոլարի ներդրում է արվել, այս տարի նախատեսում են դրա կրկնապատիկն ապահովել։ Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյան․



The ‘Orion Summit 2022’ takes place in Matenadaran of Yerevan, Armenia

 «Նպատակ ունենք Հայաստանը ներկայացնել որպես տեխնոլոգիական ուղղվածության երկիր։ Այսինքն, երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժը ներկայացնել տեխնոլոգիական ընկերությունների միջոցով։ Փորձելու ենք ընկերություններին ներկայացնել գործատուների բաժնետոմսերի օպցիոնների կարևորությունը։ Քաղաքացիները կարող են դառնալ մեծ ընկերությունների բաժնետերեր, որը կհանգեցնի նրանց բարեկեցությանը և երկրի տնտեսության աճին»



Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ ստարտափ էկոհամակարգի զարգացումն իրենց օրակարգում է․ ստարտափերի կայացման և առաջընթացի հետևողական աշխատանք են տանում։

«Սա նաեւ լավ հնարավորություն է մեզ համար՝ արձանագրելու ոլորտի զարգացումները եւ հաջողությունները: Պետք չէ խուսափել նաեւ խնդիրների մասին  խոսելուց: Ավելին, դրանք վեր հանելը եւ քննարկելը, լուծման խնդիրները մշակելը հնարավորություն են տալիս չկրկնել սխալները, խուսափել սխալներ գործելուց»:

Orion Worldwide Innovations Armenia-ի տեսլականն է առաջիկա հինգ տարում ունենալ 10 միաեղջյուր, որոնք էական ազդեցություն կունենան տնտեսության վրա։ Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյան․



«Մենք փնտրում և գտնում ենք արագ զարգացող ընկերություններ, հատկապես ուշադրություն ենք դարձնում հայկական ընկերություններին։ Նրանց ընտրում ենք, որովհետև ընդամենը 10 ամսվա կամ մեկ տարվա ընթացքում 10-ից մինչև 200 անգամ աճ են ունենում»։

Հաջորդ տարի հայկական ծագմամբ ստարտափերին խոշորագույն համաշխարհային ընկերությունների տեսադաշտում հայտնվելու, համագործակցելու հնարավորություն տալու նպատակով գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Յորքում։ «Orion Worldwide Innovations»-ի պորտֆոլիոն ընդգրկում է 75 ընկերություն, որից 34-ը՝ հայկական ստարտափեր: «Օրիոնի» միջազգային փորձագետների աջակցությամբ այդ ստարտափերը զարգանում են՝ դառնալով ԱՄՆ-ում ներդրումների ենթակա: Ընկերությունը  գործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող հիսունից ավելի հաստատությունների եւ կազմակերպությունների հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն