Մշակութային ժառանգության վերականգնման, արխիվացման, թվայնացման ոլորտներում տարբեր երկրների մասնագետների գիտելիքների ու  փորձի փոխանակման հարթակ ստեղծելու նպատակով հունիսի 22-26-ը Երևանում կանցկացվեն «Հիշողության կերպարանքներ» և «ՍոլիդԱրտ» միջազգային սեմինարները: Մասնակիցները  ԱՊՀ, Բալթյան երկրներից են ու Վրաստանից: Քննարկումների առանցքում  համատեղ կինոարտադրության խնդիրներն ու հնարավորություններն են։

Խորհրդային Միության փլուզումից հետո երկրներից յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց։ Այդ ճանապարհը դժվար էր հատկապես կինոարտադրության համար։ Շուրջ 3 տասնամյակ պահանջվեց հասկանալու համար, որ ստեղծագործական աշխատանքն ու կինոարտադրությունը մեծ հաջողության կարող են հասնել համատեղ ուժերով։ Հայաստանի, ԱՊՀ –ի, Բալթյան երկրների ու Վրաստանի կինոգործիչներն արդեն 2-րդ տարին հավաքվում են՝ քննարկելու կինոյի ոլորտում միջպետական համագործակցության կարգավորման հնարավորությունները: Ժամանակակից արվեստի և հանրային կառավարման «ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանն այս ոլորտում թիվ մեկ խնդիրը օրենսդրական բացերն է համարում․

«Իրենք ունեն իրենց հնարավորությունները, մենք մեր հնարավորությունները, և պետք է կարողանալ այդ դաշտն այնպես կարգավորել, որ պետական հարաբերությունները և օրենսդրական դաշտը թույլ տա համատեղ արտադրություն։ Նախկին խորհրդային երկրներից մի քանիսը եվրոպական համատեղ արտադրության կոնվենցիայի մաս են կազմում, և այդ դաշտում հարաբերությունները կարգավորված են։ Բայց օրինակ Միջին Ասիայի հետ չկան նման հարաբերություններ։ Նման հավաքները շատ լավ առիթ են պետականորեն մտածելու, թե ինչ կարելի է փոխել կամ ընդլայնել»։

Հայաստանն արդեն 2-րդ տարին է հյուրընկալում  կինոարտադրության  ներկայացուցիչներին։ Արդյոք արդեն կա՞ն համատեղ նախագծեր․ Մելիքսեթ Կարապետյանն առաջարկում է այդ հարցն իրեն 5 տարի հետո ուղղել․



«Եթե դուք խոսում եք լիամետրաժ ֆիլմի մասին, դրա համար մոտավորապես 5 տարի է պետք։ Եթե 5 տարի հետո այդ հարցն ինձ տաք, ես ձեզ կպատասխանեմ»։

«ՍոլիդԱրտ»–ը կընթանա «Հիշողության կերպարանքներ․ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարին զուգահեռ։ Ի տարբերություն առաջինի՝ երկրորդն արեն 11-րդ անգամ է կազմակերպվում։ Նպատակը նույնն է․ փորձի փոխանակում վերականգնման, արխիվացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ 11 տարիների ընթացքում Հայաստանը հյուրընկալել է հարյուրավոր մասնակիցների  տարբեր պետություններից: Սեմինարին մասնակցել են վերականգնողներ, թանգարանների աշխատակիցներ, ոլորտի մասնագետներ։ Փորձի փոխանակումը կարևոր է հայ մասնագետների համար, բայց քիչ չեն նաև դեպքերը, երբ գործընկերներն են մեզանից դասեր քաղում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց «Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը․



«Երբ Ազգային պատկերասրահը ներկայացրեց Սալոմե գործի վերականգնումը, մեր գործընկերները Տրետյակովյան թանգարանից, շատ  ոգեշնչված մեր տեխնոլոգիան ընդօրինակեցին։ Մեր վերականգնողները շատ առաջատար են ոլորտում»։

Ոլորտի մարտահրավերներից Տաթևիկ Մուրադյանը առանձնացնում է վերականգնողների բուհական կրթության բացակայությունը՝ հույս հայտնելով, որ սեմինարը նոր մասնագիտությունը ներդնելու հիմքեր կստեղծի։

«Հիշողության կերպարանքներ» սեմինարն արդեն կայացած ու հաստատված նախագիծ է՝ ասում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը․



«Այս փորձի փոխանակման միջոցով մենք կատարելագործել ենք մեր մասնագետների գիտելիքները։ Նաև չկա մի սեմինար, որից հետո  տարբեր ճյուղավորումներով համագործակցություն չձևավորվի մեր և աշխարհի տարբեր կառույցների միջև։ Դրա համար ես կարծում եմ, որ սա իսկապես լրջագույն ձեռքբերում է մասնագիտական, մշակութային և գիտական ձեռքբերում։

Փոխնախարարը հպարտ է, որ Հայաստանն իրականացնում է միջազգային այնպիսի նախագծեր, որոնք հետաքրքրություն են վայելում միջազգային կառույցների  շրջանում: Ինչ վերաբերում է կինոսեմինարին, փոխնախարարը հիշեցնում է՝ 2023-ին նշելու ենք հայ կինոյի 100-ամյակը: Չի բացառվում, որ «ՍոլիդԱրտ»–ը 2023-ին հոբելյանական ծրագրի մաս դառնա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն