Էրդողանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին՝ վերջ տալով Խաշոգջիի սպանության հետ կապված տարաձայնությանը
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը չորեքշաբթի ժամանել է Թուրքիա, որը 2018 թվականին Ստամբուլում սաուդյան գործակալների կողմից լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո նրա առաջին այցն է՝ գրում է WP-ը:
Այդ ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ սպանության համար պատասխանատու են Սաուդյան Արաբիայի կառավարության «ամենաբարձր մակարդակները»:
Սակայն Էրդողանը, որն իրեն Խաշոգջիի ընկեր էր անվանում, վերջին տարում փոխեց իր դիրքորոշումը՝ փորձելով ներդրումներ ստանալ նավթով հարուստ Սաուդյան Արաբիայից՝ Թուրքիայում վատթարացող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ապրիլի սկզբին Անկարան հայտարարեց, որ դադարեցնում է Խաշոգջիի մարդասպանների նկատմամբ հետապնդումը, որոնց հեռակա դատում էին։
Նույն ամսվա վերջին Էրդողանն այցելեց Սաուդյան Արաբիա՝ հայտարարելով «հարաբերությունների նոր դարաշրջանի» մասին։ Էրդողանի որոշ ներքաղաքական ընդդիմախոսներ նկատել են, որ չորեքշաբթի Անկարայի նախագահական պալատում Էրդողանը, ամեն ինչ մոռացած, թագաժառանգին դիմավորել է լայն ժպիտով՝ համբուրելով նրա երկու այտը:
Թուրքիա այցը Մոհամմեդի՝ տարածաշրջանային երկրներ՝ Հորդանան և Եգիպտոս, շրջագայության մի մասն է, որն, ըստ դիտորդների, ուղղված է նրա իմիջի վերականգնմանը:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանը և Մոհամմեդը կքննարկեն երկկողմ համագործակցությունը առևտրի, զբոսաշրջության, առողջապահության և անվտանգության ոլորտներում։ Reuters-ը՝ մեջբերելով անանուն թուրք պաշտոնյային, գրել է, որ երկու երկրները պայմանավորվել են նաև դադարեցնել փոխադարձ բացասական լուսաբանումները լրատվամիջոցներում:
Ըստ Washington Post-ի, Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության ընդլայնումը կարող է մեծ աջակցություն լինել Էրդողանի համար, որին հաջորդ տարի դժվար ընտրություններ են սպասում՝ հիմնականում նրա կառավարության տնտեսական քաղաքականության պատճառով, որը հանգեցրել է գնաճի և տեղական արժույթի արժեզրկման: