Դա Ֆրանսիայի հավաքականի կազմում իմ լավագույն խաղերից մեկն էր. Զիդանը հիշել է խաղը երբ, գլխով հարվածել է Մատերացիին
Զինեդին Զիդանը խոսել է ԱԱ-2006-ի եզրափակիչ՝ Ֆրանսիա-Իտալիա խաղի մասին: Նա այդ խաղի 7-րդ րոպեին բացել էր հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ ավելի ուշ Մարկո Մատերացիի կրծքավանդակին գլխով հարվածելու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել խաղադաշտից։ Ֆրանսիացիները 11-մետրանոց հարվածաշարում այդ ժամանակ զիջեցին մրցակցին, իսկ Զիդանն ավարտեց խաղացողի կարիերան։
«Դա Ֆրանսիայի հավաքականի կազմում իմ լավագույն խաղերից մեկն էր։ Իսկ ես վնասվածքով էի խաղում։ 1/8 եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում վնասվածք էի ստացել մեր թիմի 3-րդ գոլը խփելու ժամանակ։ Ազդրիս հետ կապված խնդիրներ ունեի։ Ոչ ոք այդ մասին չգիտեր։ Գնացի բուժզննման ու ասացին, որ Բրազիլիայի դեմ չեմ խաղա, իսկ ես ասացի, որ չեմ կարող չխաղալ Բրազիլիայի դեմ: Բուժաշխատողները հնարավոր ամեն բան արեցին, որ ես խաղադաշտ դուրս գայի, որովհետև շատ էի ուզում։ Եվ ես խաղացի։ Ցանկացած խաղ կարող էր վերջինը դառնալ ինձ համար։ Գլխումս այնքան բան էր կատարվում, որ ուղղակի չէի կարող չխաղալ։ Ուզում էի վայելել յուրաքանչյուր վայրկյանը»,- Զիդանի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։