ՊԵԿ նախագահը Բրյուսելում հանդիպել է Կորեայի մաքսային ծառայության ղեկավարի հետ. քննարկվել են փոխգործակցության ընդլայնման հարցեր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջանների շրջանակում, աշխատանքային հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Թայեսիք Յունիի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել՝ հետագա համագործակցության հեռանկարները:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության երկկողմանի միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կորեայի մաքսային ծառայությունների միջև Էլեկտրոնային առևտրի և ռիսկերի խելացի կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցն այդ երկիր՝ ծանոթանալու տեղի տեղեկատվական համակարգերի գործունեությանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ: