Մինչև տարեվերջ ԵՄ-ն Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն կտրամադրի
ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Բաքվում է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված երեք փաստաթղթերի իրականացմանը: «Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատականներով, զգալի առաջընթաց է գրանցել: Հայկական կողմի հետ մենք քննարկում ենք հարցերը, որ դեռ պետք է համաձայնեցվեն: Արդեն ուրվագծվում է ընդհանուր պատկերացումը, թե ինչպես հնարավորինս հարմարավետ ձևով կարող է լուծվել մեքենաների տեղաշարժի կազմակերպման հարցը, որպեսզի որևէ արհեստական խոչընդոտ չստեղծվի»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կնպաստի այդ աշխատանքին, մինչև արդյունքի հասնեն: Անդրադառնալով խաղաղության ապագա պայմանագրին և դրա դրույթներին՝ Լավրովը նշել է, որ արդեն լսել են հայկական կողմի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այս հարցի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամությունը: «Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»,- շեշտել է դիվանագետը։
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳՆ նախարար) - Մենք, այլ պայմանավորվածությունների համաձայն, պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցերով Հայաստանում ու Ադրբեջանում ստեղծված հանձնաժողովներին։ Այս առումով կան կոնկրետ առաջարկներ, որոնք ուրախ կլինեմ Ձեզ հետ քննարկել:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է ԵՄ երկրների ղեկավարների որոշումը՝ Ուկրաինային միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ «Այսօր դուք ընդունել եք մեր պետության անկախության 30 տարիների ընթացքում Ուկրաինայի համար ամենակարևոր որոշումներից մեկը. այս որոշումը միայն Ուկրաինայի համար չէ»,- հայտարարել է Զելենսկին և հավելել, որ դա լինելու է Եվրոպայի նոր պատմության սկզբնակետը. Եվրոպա, որն իսկապես միասնական է ու գիտի՝ ինչպես պաշտպանել իրեն, իր արժեքները, իր ապագան: Եվրոպական խորհուրդը երեկ երեկոյան Ուկրաինային և Մոլդովային շնորհել է Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն պաշտպանել են ԵՄ բոլոր առաջնորդները։
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԿԱՊՎԱԾ Է ԵՄ-Ի ՀԵՏ. ՇԱՌԼ ՄԻՇԵԼ
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրախորհուրդը «որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ բավարարվեն մնացած առաջնահերթությունները»։ «Պատմական պահ է ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում. Վրաստանի ապագան կապված է ԵՄ-ի հետ»,- ասել է Միշելը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շեշտել է, որ բոլորը երկրները պետք է տնային աշխատանք կատարեն՝ նախքան անդամակցության գործընթացի հաջորդ փուլ անցնելը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչները կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի Ուկրաինային պարզեցված ընթացակարգով անդամակցություն տրամադրվի: Նրա խոսքով, առաջնահերթ խնդիրն աշխարհաքաղաքական իրավիճակի կայունացումն է։
ԵՄ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 9 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Եվրամիության առաջնորդները Բրյուսելում գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են, որ կշարունակեն օգնել Ուկրաինային ցանկացած հարցում, այդ թվում՝ ուժեղացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պատերազմը դադարեցնելու համար։ Եվրամիության 27 երկրների ղեկավարների կողմից Բրյուսելում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ կառույցի կողմից պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն ավելի է մեծացնելու ճնշումը Ռուսաստանի վրա:Եվրոպական խորհուրդը նաև կոչ է արել բոլոր երկրներին, հատկապես՝ թեկնածու երկրներին, միանալ ԵՄ պատժամիջոցներին: Եվրամիությունը նաև մինչև այս տարվա վերջ Ուկրաինային կտրամադրի մինչև 9 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն։
ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ 450 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 450 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի: Քիրբիի խոսքով՝ օգնության հաջորդ փաթեթը կներառի զենք ու տեխնիկա։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ը 18 պարեկային նավ կմատակարարի Ուկրաինային օգնելու պաշտպանել իր ափերն ու ջրային ուղիները։ Սպիտակ տան հաշվարկներով՝ Ջո Բայդենի նախագահության սկզբից ի վեր ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմել է մոտ 6,8 մլրդ դոլար։ Ընդ որում՝ այդ միջոցների զգալի մասը հատկացվել է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո: Քիրբին նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է իր աշխատանքը դաշնակիցների և գործընկերների հետ՝ ուկրաինական հացահատիկը երկրից դուրս բերելու և համաշխարհային շուկաներ հանելու համար։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջիկա այցին Եվրոպա՝ հանդիպելու G7-ի առաջնորդների հետ, Քիրբին վերահաստատել է Վաշինգտոնի առաջնահերթությունները՝ «Ռուսաստանին ավելի մեկուսացնել համաշխարհային տնտեսությունից, թիրախավորել ռուսական պաշտպանական մատակարարման շղթան, ճնշել երկրին աննախադեպ պատժամիջոցների միջոցով:
ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՕՐԵՆՔԻՆ. ԲՈԶԴԱՂ
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի երրորդ ժամկետով առաջադրումը համապատասխանում է օրենքին: «Թեկնածուն նախագահ Էրդողանն է, նրա թեկնածությունը օրինական է»,- ասել է Բոզդաղը: Մինչդեռ Թուրքիայում ընդդիմադիրները վստահեցնում են, որ երկրի սահմանադրության համաձայն՝ Էրդողանը չի կարող երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Իշխանական թևը, սակայն, պնդում է, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո, երբ երկրում անցում է կատարվել նախագահական կառավարման համակարգի, սա լինելու է Էրդողանի երկրորդ առաջադրումը, ինչը սահմանադրությամբ թույլատրվում է: