Արևմուտքը ցինիկ է վերաբերվում զարգացող երկրների պարենային խնդիրներին. Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԲՐԻՔՍ + ձևաչափով հանդիպմանը։

«Այժմ նման ցինիզմով որոշ արևմտյան երկրներ, ապակայունացնելով գյուղմթերքների համաշխարհային արտադրությունը, մոտենում են այս կարգի խնդիրներին՝ սահմանափակումներ դնելով, օրինակ, ռուսական և բելառուսական պարարտանյութերի մատակարարման վրա՝ դժվարացնելով ռուսական հացահատիկի արտահանումըհամաշխարհային շուկաներ»,- ասել է  ՌԴ պետության ղեկավարը։

Ըստ Պուտինի՝ գյուղատնտեսական հիմնական ապրանքների թանկացման հետևանքով առաջինը տուժում են զարգացող երկրները, որտեղ հացն ու ալյուրը բնակչության հիմնական խավերի գոյատևման անհրաժեշտ միջոցն են։

Ռուսաստանի ղեկավարը հիստերիա է անվանել նաև Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա նշել է, որ այդչափ սննդամթերք չկա արգելափակված՝ համաշխարհային շուկայում լարվածություն ստեղծելու համար։

«Արհեստականորեն ուռճացել է հիստերիան՝ կապված, ասենք, ուկրաինական հացահատիկի սևծովյան նավահանգիստներով փոխադրման դադարեցման հետ։ Սա մոտավորապես 5-6 միլիոն տոննա ցորեն է գումարած 7 միլիոն տոննա եգիպտացորեն: Դա նույնպես ինչ-որ բան է, բայց գլոբալ առումով, իհարկե, դա ոչ մի խնդիր չի լուծում հացահատիկի համաշխարհային շուկայում»,- ասել է Պուտինը։

Նա նաև խոսել է սննդամթերքով նավերի ազատ անցումը ապահովելու իր պատրաստակամության մասին՝ պայմանով, որ Կիևը մաքրի նավահանգիստները։

«Ես արդեն բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ուկրաինական հացահատիկի արտահանմանը այս երկրի տարածքից և պատրաստ է ապահովել հացահատիկով նավերի ազատ անցումը միջազգային ջրեր, եթե իհարկե, ուկրաինացի զինվորականները մաքրում են նավահանգիստները և մոտակա ջրային տարածքը»,- ասել է նա։

Հունիսի 24-ին ավելի վաղ Մեծ յոթնյակի ԱԳ նախարարներն ուկրաինական իրադարձություններն անվանել էին աշխարհում պարենային ճգնաժամի պատճառ։ Նրանց դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի հատուկ գործողությունը սրում է պարենային անապահովությունը, այդ թվում՝ արգելափակելով Սև ծովը, ռմբակոծելով ամբարներն ու նավահանգիստները և վնասելով Ուկրաինայի գյուղատնտեսական ենթակառուցվածքները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն