Ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները
Հանդիսավոր արարողությամբ այսօր Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները։
Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։
Միջոցառմանը հրավիրված մասնակիցներն էին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ԲՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչները (ընդհանուր առմամբ շուրջ 500 մասնակից)։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ծրագիրը կյանքի կոչած թիմին՝ թե՛ մանկավարժներին, թե՛ կազմակերպիչներին ու վերապատրաստողներին, թե՛ աջակիցներին.
«Այս օրը թող լինի միմյանց շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու օր, որ կարողանանք առաջ գնալ։
Սիրելի՛ մանկավարժներ, այս մեկ տարվա ջանասեր աշխատանքի շնորհիվ դուք գտել եք խնդիրների լուծման ճանապարհը ոչ միայն ձեր, այլև ամբողջ երկրի բոլոր դպրոցների ու աշակերտների համար, քանի որ դուք էիք առաջամարտիկները։ Եվ դուք հաջորդ փուլին մտածված գնալը դարձրել եք իրողություն։ Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ կհասնենք մեր ակնկալած արդյունքին»։
Հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը մեկնարկել է 2021 թ․ և ֆինանսավորվել է Եվրոպական միության և Համաշխարհային բանկի կողմից։
Մինչ փորձարկումը, հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստումներ է իրականացրել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը, իսկ բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի (ԲՏՃՄ) մանկավարժների համար՝ «Այբ» կրթական հիմնադրամը: