Որքան ես հասկանում եմ՝ «գոյություն չունի այլեւս», եւ՝ «աշխատանքը դադարել է» արտահայտությունները այդուհանդերձ ունեն տարբեր իմաստ: Հետեւաբար, ո՞րն է իմաստը իքներս մեզ համոզել, որ Լավրովը ասել է, թե Մինսկի խումբ այլեւս գոյություն չունի, դրանով օրինակ Լավրովի արտահայտությանը տալով էն իմաստը, որն օրինակ պետք է հենց Բաքվին:

Եթե դրա իմաստը Լավրովին թիրախավորելն է, ապա դրա համար մեղմ ասած կան բազմաթիվ պատճառներ ու առիթներ, եւ միթե՞ մեր հանրային-պետական կյանքի համար որեւէ օգտակարություն ունի որեւէ մեկին պարզապես պրոֆիլակտիկ կամ ինքնանպատակ թիրախավորելը: Այն դեպքում, երբ մենք ունենք աշխատանքային բոլորովին այլ խնդիր՝ այսինքն, թեկուզ «քարից քամել» Մինսկի խմբի համանախագահության թեկուզ անունը, քանի դեռ չունենք ավելի շահեկան ձեւաչափերի հեռանկարներ:

Ներողություն իհարկե, այդպիսի ձեւակերպումներ չեմ նախընտրում, բայց՝ Լավրովի «հերն էլ անիծած», մենք մեր խնդիրներն ու անելիքը պետք է փորձե՞նք դիտարկել մեզ պետք եղած բովանդակության եւ վեկտորի մեջ, թե՞ ոչ: 

Իսկ ի՞նչ ենք կարծում, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտարարում է, որ պատրաստ են աշխատել Մինսկի խմբի շրջանակում, այդ թվում Ռուսաստանի հետ, Լավրովը ուրախությունից վեր էր թռչելու՞, այն էլ Բաքվում, որի հետ պայմանավորվելու բազմաթիվ հարցեր ունեն եւ ունեն չպայմանավորվող էլի շատ հարցեր, ընդ որում կախված ոչ միայն  Կովկասի հետ, այլ նաեւ Կասպիցի ավազանի:

Իսկ կարող է՞ ԱՄՆ Մինսկի խմբի եւ Ռուսաստանի հետ աշխատելու պատրաստակամության մասին հայտնել, օրինակ Իրանում Մոսկվայի հանդեպ անվստահություն առաջացնելու համար՝ հատկապես Լավրովի Թեհրան այցի ֆոնին: Մենք դիտարկում ե՞նք, որ քաղաքականությունն այդուհանդերձ շատ ավելի բազմազան երեւույթ է, քան մեզ պարտադրված եւ այսօր առավել մեծ ինտենսիվությամբ պարտադրվող մեկ-երկու սխեմաները:

Իսկ կարող ե՞նք օրինակ մենք ավելի շատ ոչ լավրովի Բաքվի հայտարարությունները իբր թիրախավորելով փաստորեն ընդունենք, այլ պարզապես պարբերաբար հիշեցնենք ապրիլի 19-ին Պուտին-Փաշինյան համատեղ հայտարարության 24-րդ կետի ահա այս հատվածը օրինակ. «Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման եւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:

Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»:

Թե՞ էդ ամենը էդքան էլ չի ապահովում «տարածեք, քանի չեն ջնջել»-ներ:

Հակոբ Բադալյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն