Չնայած Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է ԱՄՆ-ի 907-րդ լրացման սահմանափակումներից՝ ճանապարհ բացելով Ալիևի կոռումպացված, հակահայկական ռեժիմին աջակցության համար, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Նախագահ Բայդենի որոշումը կրկին քաջալերում է նախագահ Ալիևին շարունակել հայ ռազմագերիների իր անօրինական բանտարկությունը, Արցախի դեմ մահաբեր հարձակումները և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը», – ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «ANCA-ն կշարունակի աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առաջնորդների հետ, որ զրոյացնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին և սահմանափակի 907-րդ լրացումից նախագահի հրաժարվելու լիազորությունները»:

2020 թվականի հոկտեմբերի 14-ին այն ժամանակ թեկնածու Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է «ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացման պահանջներից»:

ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը դեռ մեկ ամիս առաջ իր հոդվածում հիշատակել է, որ  անցած տարի էլ նախագահ Բայդենը հավանություն է տվել, որպեսզի Ադրբեջան ուղարկվի զենք ու անվտանգային այլ միջոցներ՝  հակառակ քարոզարշավի ժամանակ տված իր խոստումներին․ «Ես մեծապես հուսահատված եմ Բայդենի նախագահությունից, որովհետև սպասելիքներն այլ էին, որովհետև Բայդենն իր ամբողջ քաղաքական կյանքում հայամետ է եղել։ Թուրքիան խնդրել էր, որ ԱՄՆ-ն Ֆ16 օդանավեր վաճառի իրեն, բայց ամերիկյան կառավարությունը մերժում էր վաճառել։ Հիմա Բայդենի Սպիտակ տունը Կոնգրեսից խնդրել է, որպեսզի վավերացնեն այդ խնդրանքը։ Դա ևս մեր հայկական շահերի դեմ է»։

Ինչո՞ւ է Բայդենն այդ քաղաքականությունը վարում։ Հարութ Սասունյանի խոսքերով՝ պատճառը հետևյալն է․ «Բայդենը մտածում է, որ Ադրբեջանը կարևոր երկիր է և չի ուզում անել որևէ քայլ, որ Ադրբեջանին ԱՄՆ-ից կհեռվացնի կամ կթշնամացնի։ Անշուշտ այդ պատճառը մեզ համար ընդունելի չէ։ Մեր կարծիքով Բայդենը խախտում է նաև մեկ ուրիշ սկզբունք։ Թեպետ նա բազմիցս խոսել է այն մասին, որ հարգելու է այդ  սկզբունքը, բայց չի հարգում։ Նա մշտապես նշել է, որ բոլոր երկրները պետք է հարգեն մարդու իրավունքները։ Մենք  տեսնում ենք, սակայն, որ ո՛չ Թուրքիայի նախագահ Էրդողանը և ո՛չ էլ Ադրբեջանի նախագահ Ալիևը մարդկային իրավունքները չեն հարգում, սակայն ԱՄՆ-ն շարունակում է իրենց օգնել ու  նաև զինել»։

Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ ամերիկահայությունը փորձում է Կոնգրեսի մակարդակով կանգնեցնել Բայդենի ստորագրած փաստաթուղթը, արտոնությունը․ «Տեսնենք՝ արդյոք կհաջողենք, որ Կոնգրեսը  նախագահին դեմ կանգնի։ Այստեղ մի կարևոր խնդիր կա, այն է, որ Բայդենն ինքը դեմոկրատ է և Կոնգրեսի մեծամասնությունն էլ դեմոկրատ են։ Ընդհանրապես դեմոկրատ Կոնգրեսը չի հակասում իր կուսակցության  նախագահին։ Եթե հակառակը լիներ՝ այո՛, հավանական կլիներ, բայց այս պարագայում նույն կուսակցության անդամ են։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք։ Ունենք բազմաթիվ հայասեր կոնգրեսականներ ու սենատորներ։ Նրանց միջոցով փորձելու ենք կանխել զենք տրամադրելու արտոնությունն Ադրբեջանին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն