Երևան-Մարսել բարեկամության և համագործակցության համաձայնագրի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանի ուղեկցությամբ այցելել է Բորելի այգի:

Կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետը հանդես է եկել ելույթով: Շնորհակալություն հայտնելով հրավերի և Երևան-Մարսել գործակցության 30-ամյակը տոնելու համար՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ երկուստեք հարաբերությունների ողջ ընթացքը նշանավորվել է հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե այլ բնագավառներում:

«Ինձ համար մեծ պատիվ է այս օրը լինել մեր բարեկամների կողքին ու միասին նշել մեր հաջողված համագործակցության 30-րդ տարեդարձը:



Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, այդ թվում նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում՝ ի շահ մեր երկու բարեկամ քաղաքների բնակիչների: Համաճարակային և պատերազմական շրջանում, երբ դժվար ժամանկաշրջան էր մեզ բոլորիս համար, Մարսել քաղաքը Երևանի կողքին էր: Մարսելից մեծածավալ և խիստ անհրաժեշտ մարդասիրական բժշկական օգնություն ուղարկվեց Երևանի քաղաքապետարանի բուժհաստատություններին, որի համար շնորհակալություն ենք հայտնում: Շնորհակալություն եմ հայտնում նաև Մարսել քաղաքի կողմից քաղաքային խորհրդի նիստին ներկայացված Արցախի անկախության ճանաչման բանաձևի համար:

Բազմիցս նշվել է և ես ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ Ֆրանսիական քաղաքներից Մարսելն առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում. այն ֆրանսիական առաջին քաղաքն էր, որ ընդունեց Մեծ Եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին` նրանց համար դառնալով երկրորդ Հայրենիք»,- իր ելույթում նշել է Երևանի քաղաքապետը:



Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հետ կապերն էլ ավելի ամրապնդելն առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար և համոզմունք հայտնել, որ առաջիկա տարիներին գործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ:

«Քաղաքապետի հետ մենք շատ հաճախ ենք արծարծում այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանին և, մասնավորապես, Երևանին, և այդ մոտեցումն ու ընկալումը արդեն իսկ արտացոլում են, թե որքան ենք մենք հետամուտ երկուստեք հարաբերությունների զարգացման գործում և որքանով է Երևանը մեր սրտում: Ակնհայտ է, որ այս գործակցությունը պետք է լինի շատ երկարատև, և, վստահ եմ, որ հաջորդ հանդիպումը կլինի Երևանում, երբ ես Մարսելի քաղաքապետի հետ կայցելեմ Երևան»,- նշել է Յանիք Օանիսյանը:

Երևանի քաղաքապետը զրուցել է նաև միջոցառմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական այժմյան բարձր մակարդակի հարաբերություններում մեծ է նաև Ֆրանսիայի և, մասնավորապես, Մարսելի հայ համայնքի ներդրումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն