Տասը օր՝ ինչպես բանակում: Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար Երևանում կազմակերպվել է ռազմամարզական ճամբար: Առաջին փուլին մասնակցում են Դիլիջանի տարածաշրջանի դպրոցների 140 աշակերտ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչները նախորդ ուսումնական տարում փորձարկվել են Տավուշի դպրոցներում: Ռազմամարզական ճամբարը ևս նոր չափորոշիչների մաս է՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները հարստեցնելու, համապատասխան կարողություններ ու հմտությունների զարգացնելու, տեսական գիտելիքները գործնական պարապմուքներով ամրապնդելու համար:

Ալիկ Մարգարյան (Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտ) - Դասեր, խաղեր, շարային... Թեմաներն էլ են ուրիշ, արդեն ավելի բարդացված է ամեն ինչը, ավելի շատ բան ես սովորում դասընթացների ժամանակ:

Անահիտ Գուլինյան (Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտ) - Նոր չափորոշիչների շնորհիվ հիմա էստեղ ենք, ու պրակտիկ դասերն ավելի արդյունավետ են ու ավելի հետաքրքիր: Կարծում եմ, որ և՛ աղջիկները, և՛ տղաները պետք է իրազեկ լինեն, որովհետև չենք կարող իմանալ՝ մեր կյանքի որ շրջափուլում էս ամենը մեզ պետք կգա:

Ճամբարի ուսումնական ծրագիրը ներառում է ոչ միայն ՆԶՊ առարկայից 10-րդ դասարանում ուսումնասիրած թեմաների գործնական պարապմունքները, այլև ծրագրից դուրս գիտելիք:

Արթուր Կարապետյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ, ճամբարի պատասխանատու) - Ճամբարը հիմնականում նախագծված է ՀՀ ԶՈՒ կանոնագրքերի մոդելով, որ իրենք 10 օր ապրեն զինվորական կյանքով, իրենց հերթապահությամբ:

Փորձարկվող ռազմամարզական ճամբարին մասնակցելը կամավոր է: Հետո, երբ նոր չափորոշիչները համընդհանուր ներդրվեն, ու հանրակրթության մեջ նույնպես կրեդիտային համակարգ լինի, ճամբարին մասնակցությունը կապահովի ՆԶՊ առարկայի կրեդիտ:

Կրթական գերատեսչության ղեկավարը նկատում է՝ այս ճամբարները կնպաստեն, որ զարգանան մասնակիցների կարգապահությունն ու պատասխանատվությունը, խթանվի առողջ ապրելակերպը: Նախարարը, ամեն դեպքում, հիմնական նպատակ և առաքելություն համարում է խաղաղության ապահովումը:

Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Խաղաղություն պիտի ապահովենք մեր այս հրաշք սերնդի համար: Իրենք էլ պետք է պատրաստ լինեն մարզական և մարտական, ըստ անհրաժեշտության: Բայց, բնականաբար, մեր նպատակը խաղաղությունն է: Այս ճամբարները հենց նպաստում են, որ մենք միշտ ապահովենք մեր երկրի խաղաղությունը, զարգացումը: Սա կրթական մի բաղադրիչ է: 

Դիլիջանի տարածաշրջանի աշակերտների համար ճամբարը սկսվել է հունիսի 25-ին և կավարտվի հուլիսի 5-ին: Հաջորդիվ Երևան կժամանեն Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանի դպրոցներում սովորողները: Ճամբարին ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 700 երեխա:

Հեղինակ՝ Աննա Զախարյան 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն