Շուրջ 200 անհետ կորած` Արցախյան պատերազմներում. աճյունների որոնումները շարունակելու համար նորից բանակցում են
2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2022-ի առաջին կիսամյակ որոնողական աշխատանքներով հայտնաբերվել են 1711 աճյուն և մասունքներ: 44-օրյայից հետո անհետ կորած է համարվում 53 մարդ, որից 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում ու Արցախում անհետ կորածների թիվը հասնում է 200-ի՝ ներառյալ արցախյան նախորդ պատերազմների թվերը։ Հունիսի 29-ը անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Արցախի Հանրապետության ՆԳ նախարար, Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանի նախագահությամբ «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, նաեւ՝ հիշատակի միջոցառումներ, որոնցից մեկը՝ Եռաբլուրում։
Եռաբլուր զինվորական պանթեոնում հնչում է Հայաստանի հիմնը, ապա կատարվում հոգեհանգստյան կարգ։
1992թ. «Արծիվ 13» վաշտը համալրվեց Ջրաբերդի կամավորականների, Զեյթուն և Արաբո ջոկատների 80 մարտիկներով։ Հայկաջուր և Ջրաբերդ գյուղերի միջնամասում 1992 թ-ի հունիսի 29-ին թեժ մարտերում 79 հայ ազատամարտիկների զոհվելու վայրը ներկայում հայ-ադրբեջանական շփման գծի չեզոք հատվածում է։ Զոհվածներից 21-ը «Արաբոյից», 29-ը Հոկտեմբերյանի վաշտից էին, 22-ը Ջրաբերդ և 7-ը «Զեյթուն» ջոկատներից: Թվաքանակով մի քանի անգամ ավել թշնամին, անընդհատ համալրում ստանալով, շրջափակման մեջ է վերցնում հայ կամավորներին: Մարտը տևում է մոտ 2 ժամ։ Հասկանալով, որ ընկել են շրջափակման մեջ, մեր մարտիկները որոշում են կռվել մինչև վերջին փամփուշտը:
Սամարա Գրիգորյանի որդին՝ Վրեժը, 79 զինվորներից մեկն էր։ 20 տարեկան։ Կարող էր չծառայել բանակում, քանի որ ընտանիքի 3-րդ զավակն էր, ու այն ժամանակ օրենքը ընտանիքի երրորդ որդուն ազատում էր զինվորական ծառայությունից։ Բայց Վրեժը սրտում վրեժ ուներ.
«Երբ Սումգայիթից հետո եղավ Շահումյանի վատ վիճակը, ինձ ասեց՝ գնում եմ պապիկի մոտ, ու մենք ուղղաթիռով ճանապարհեցինք։ Մեր մտքով չէր անցնում, որ Շահումյանը պիտի հանձնվեր։ Մեր Շահումյանում մի թուրք չի եղել, իրենք անգամ երազում չէին կարող պատկերացնել» ։
Տիկին Սամարան ասում է՝ հստակ գիտեին, թե իրենց որդիները որտեղ են մարտը մղել և որ տարածքում են անհետացել։ Տարիներ շարունակ իրենք դիմել են բոլոր պատկան մարմիներին, Կարմիր խաչին, որպեսզի վերադարձնեն իրենց տղաների աճյունները, բայց ապարդյուն.
«Ես միշտ էլ սպասում եմ իմ որդուն, քանի իմ սիրտը բաբախում է։ Նրանք շատ տարածքներ են ազատագրել, բայց ափսոս, որ հիմա նորից հետ տվեցին, ու նրանց արյունը ու կատարած աշխատանքը կրկին զրոյացրին։
Արցախյան առաջին ազատամարտի տարիներից անհետ կորած է համարվում 700 մարդ, որից 400–ը՝ քաղաքացիական անձինք։ 44-օրյա պատերազմից հետո պատկերը փոխվեց։ Որոնվողների թիվն ավելացավ։ ՀՀ –ում և ԱՀ-ում 44 –օրյա պատերազմից հետո անհայտ կորածների թիվը հասնում է 200-ի։ ՀՀ-ում Արցախի Հանրապետություն մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյան․
«Տվյալները շատ նախնական են․ այս պահին 200 անձի մասին է խոսքը։ Այս օրը մեր օրացույցի ամենածանր օրերից մեկն է։ Կոնկրետ Արցախի ղեկավարության կողմից գործադրվում են ջանքեր՝ տարբեր մակարդակներով այս հարցը բարձրաձայնելու, որպեսզի պարզենք մեր եղբայրների ճակատագիրը։ Հուսով ենք՝ Աստծո օգնությամբ այս բոլոր հարցերի պատասխաները կստանանք մոտ ապագայում»։
Ադրբեջանն այսօր էլ շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում հայ գերիների վերադարձի հարցում։ Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շեշտում է՝ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցում են՝ վերսկսելու զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները։